Ստանիսլավսկու բեմում կգործի շատրվան, որից ջուր կհոսի, ադամանդներ ու ոսկիներ կթափվեն

Ստանիսլավսկու բեմում կգործի շատրվան, որից ջուր կհոսի, ադամանդներ ու ոսկիներ կթափվեն

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հունիսի 2-ին կկայանա առաջնախաղ. բեմում կլինի «Ալադդինը և նրա կախարդական լամպը» ներկայացումը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Ռուսական թատրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, բեմականացման և բեմադրության հեղինակ, ՀՀ վաստ. արտիստ Վերոնիկա Սարոյանը խոստովանում է, որ առաջին անգամ է մանկական ներկայացում բեմադրում:

«Մեր ներկայացման հիմքում արաբական ժողովրդական հեքիաթն է, այլ ոչ Դիսնեյի հայտնի մուլտֆիլմի պատմությունը: Հուսով ենք` փոքրիկներին դուր կգա այն: Դստերս` Դիանան, արդեն հասցրել է սիրել հեքիաթի բոլոր հերոսներին. նա անգամ երազանք է պահել` խաղալ հերոսուհիներից մեկի դերը…»,-նշել է նա:

Վ. Սարոյանի փոխանցմամբ` թերևս ամենախստապահանջ հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար հետաքրքիր լուծումներ են գտել. «Եթե անկեղծ, հեշտ բան չէ հեքիաթ բեմադրելը, քանի որ քաջ գիտակցում ես` գործ ունես երեխայի հետ. նրան չես խաբի: Այստեղ կարևոր է նաև բեմի տեխնիկական հագեցվածությունը, և մենք փորձեցինք ստանալ հնարավորն ու անհնարինը. բեմում կգործի շատրվան, որից ջուր կհոսի, ադամանդներ ու ոսկիներ կթափվեն…»:

Բեմադրիչը շեշտում է, որ իրենց հեքիաթում բարին է հաղթում. «Մեր հեքիաթը դաստիարակչական բնույթ ունի: Այն սովորեցնում է լինել ընկերասեր, բարի ու հնարամիտ»:

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները: Ներկայացման բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, երաժշտական ձևավորումը (երգերի խոսքերի հեղինակ)` Վերոնիկա Սարոյանը, պարերը` Նունե Կիրակոսյանը, զգեստները` Ինեսա Սևունցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում