Խեղդում էին, չէին թողնում աշխատել, ես ստիպված եմ մտել ՀՀԿ. Վարդան Ղուկասյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, News.am: Ես ընդհանրապես կուսակցական չեմ եղել, հիմա էլ կուսակցական չեմ, ՀՀԿ նշանը ընդհանրապես չեմ կպցրել, այլ խաչ եմ կպցրել: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Դիտարկմանը, որ ժամանակին կոչ էր անում ընտրել Սերժ Սարգսյանին, իսկ թավշյա հեղափոխության ժամանակ արդեն կոչ էր անում մերժել Սերժին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես կուսակցական չեմ եղել: Դուք էլ ասում էիք էս վերին արտի ցորեն եք: Իսկ ես ասում եմ՝ «խաչը թող պահապան լինի բոլորիս», եւ ՀՀԿ–ին, եւ ինձ եւ բոլորիս: 2007 թվականին, երբ որ խփվեցի դրանից, ես հենց էդ տարին պետք է քաղաքական ինչ–որ հենարան ունենայի, որովհետեւ կուսակցությունները խեղդում էին քաղաքապետերին, չէին թողում աշխատել: Ես ստիպված մտել եմ կուսակցություն, չուզենալով, իրենք էին առաջարկել, դրանից հետո անցել է մի քանի ամիս, ինձ խփել են:
Ես 2007 թվականից 2012 թվականը ՀՀԿ ոչ մի խորհրդի նիստերին մի անգամ չեմ մասնակցել, հիմա դուք հեռուստատեսությունում գցել եք ինձ կարկառուն հանրապետակա՞ն, դուք մոռացել եք այն սատանեքին, որոնց վրա էլ տեղ չի մնացել տարբեր կուսակցություններ փոխելով, դու եկել ի՞նձ եք ասում։ Ես մաքուր եմ, պարզ եմ, շիտակ եմ»:
Հարցին, թե վախենալու ոչինչ չունե՞ք, նա արձագանքեց. «Վախենալու մի բան ունեմ, որ կանգնելու եմ Ահեղ դատաստանի առաջ։ Մնացած ինչ–որ իմ հետ եղել է, ամենաշատը ես եմ պատժվել։ ես ինչ–որ մեկի հովանավորության տակ չեմ եղել, որ մեկին էլ մի արջի ծառայություն մատուցեմ, որ մի հանցագործություն կատարեմ, իմ արածները պարտակեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում