ԲՀԿ-ն կամ պետք է դառնա ընդդիմություն՝առանց գործարարների, կամ վերադառնա իշխանական դաշտ՝ առանց Օսկանյանի

ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն չանցան ավագանու ընտրություններում, քանի, որ վերջիններս ընտրողների կողքին չէին նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանու արդյունքներին, կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նրա խոսքով` ավագանու ընտրություններին ընտրողներին գրավեցին ոչ թե գաղափարները, այլ՝ մոտիվացիաները: 

Սուրենյանցը նշեց, որ, եթե ընտրողը հավատում է փոփոխությունների՝ վախով, կաշառքով հնարավոր չէ արմատապես ներազդել ընտրության վրա: «Ընտրողը պրագմատիկ է, նա կարող է նաև չգնալ շատ լուրջ բայց անորոշ փոփոխությունների ձեռքին և կնախընտրի վերցնել այդ ընտրակաշառքը», – հավելեց նա:

Խոսելով հետագա զարգացումների մասին՝ Ս.Սուրենյանցը կարծիք հայտնեց, թե ՕԵԿ-ը կմիանա ՀՀԿ-ին: «Այս ընտրություններից հետո ՕԵԿ-ը պետք է դուրս գար կոալիցիայից, իսկ Արմեն Երիցյանը հրաժարվեր պաշտոնից», – ասաց նա:

Նրա խոսքով՝ սխալ գործեց նաև Լևոն Տեր Պետրոսյանը, որ վերակազմավորեց ՀԱԿ-ը: «Դա պետք է արվեր կամ խորհրդարանական ընտրություններից հետո, կամ այս ընտրություններից: Որքանով նա դուրս կգա քաղաքականությունից, այնքան էլ կմարի այդ քաղաքական ուժը», – նշեց բանախոսը, հավելելով, որ չտեսնելով որևէ քաղաքական այլ լիդեր՝ «ժողովուրդը նրան կմեղադրի Լևոն Զուրաբյանին որպես ժառանգություն թողնելու համար»: Նրա խոսքով՝ լինելով ավանդական կուսակցություն՝ ՀՅԴ-ն կպահպանվի, սակայն որևէ լուրջ դերակատարում չի ունենա:

Անդրադառնալով ԲՀԿ-ին Ս.Սուրենյանցը նշեց, որ, կամ այն պետք է դառնա ընդդիմություն՝առանց գործարարների, կամ վերադառնա իշխանական դաշտ՝ առանց Օսկանյանի: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում