Կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտին թույլատրվել է ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016 թ. հունիս ամիսը։

Ինստիտուտը Թայվանի Սինիկա ակադեմիայի հետ ստորագրել է երկրաբանական հետազոտությունների անցկացման հուշագիր և մեկ տարով ներմուծել տեղորոշման սարքավորման ընդունիչներ, երկրադետիկ ալեհավաքներ և սեյսմոմետրեր, որոնց շահագործումն անհրաժեշտ է նաև ապագայում։ Նշված սարքերով այժմ երկրադինամիկական մոնիթորինգ է իրականացվում։

Ակնկալվում է ավելի համապարփակ տեղեկություն ստանալ երկրակեղևի բլոկների բախման ընթացքում ձևավորվող լեռնագոյացման, մագմատիզմի, երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների վերաբերյալ։ Ոլորտում իրականացվող քաղաքականությունը միտված է Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցմանը։ Մեկ այլ որոշմամբ մինչև 2013 թ. հոկտեմբերի 16-ը երկարաձգվել է «Ռետինե նորույթ» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում’ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը։ Որոշումը միտված է ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը, ստեղծված աշխատատեղերի պահպանմանը։

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարությունը մարզպետարանին է հատկացրել 200 մլն դրամ։ Հաջորդ որոշմամբ ՀՀ մարզերում իրականացվելիք շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և գնման պայմանագրերի կնքման արդյունքում տնտեսված գումարները վերաբաշխվել են’ ուղղվելով առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանը։

Կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություն’ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 3 մլն դրամ, որն անհրաժեշտ է կենտրոնի կառուցման փուլում ընկերության կառավարման ծախսն ապահովելու համար։

Մեկ այլ որոշմամբ նույնպես վերաբաշխում է կատարվել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ’ նախկին որոշումներից մեկի հավելվածներում և 3 մլն դրամ հատկացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը’ «Փյունիկ» հաշմանդամների միության կողմից ներկրված 500 հաշմանդամի սայլակները հավաքելու և միության միջոցով կարիքավոր անձանց իրենց բնակության հասցեներում տրամադրելու նպատակով։ Բաշխումը կատարվելու է ըստ նախարարի հաստատած ցուցակի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում