Հրաչյան հայկական պարով օտարազգի հարյուրավոր մարդկանց հաղորդակից է դարձնում հայկական մշակույթին
Նմանատիպ
Հրաչյա Կոստանյանը երկու տարի առաջ ընտանիքով բնակություն է հաստատել ԱՄՆ Իլինոյս նահանգում։ Այստեղ հայերի մասին քիչ էին լսել, սակայն Հրաչյայի գործունեությամբ այս նահանգում էլ հարյուրավոր օտարազգի մարդիկ հաղորդակից դարձան հային ու Հայաստանի մշակույթին: Պարարվեստի վարպետը այդ հաղորդակցությունն ապահովել է պարի միջոցով: Համագործակցելով Վիլինգի բալետի եւ Արվեստի Ակադեմիայի հետ՝ Հրաչյա Կոստանյանը, որը Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնի շրջանավարտ է, պարի խմբեր է հիմնել` ազգությամբ հայերից բացի ընդգրկելով նաեւ օտարազգի երեխաներին ու պատանիներին: Նրա խոսքով՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներին արվեստի շուրջ միավորելու, հմտությունները մեկտեղելու նպատակներից մեկն էլ պարարվեստի միջոցով միմյանց եւ նաեւ այլ ազգերի մշակույթներին հաղորդակից դարձնելն է:
Պարուսույց Հրաչյա Կոստանյանը այսօր բազմաթիվ սաներ ունի տարբեր տարիքային խմբերում։ Տեղի բնակչությունը, որն այս կամ այն կերպ առնչվում է պարուսույցի գործունեությանը, կարծում է, որ այսպիսի «նախագծերը» «ինտերնացիոնալ բարեկամության», ԱՄՆ-ի բազմազգ համայնքի մերձեցման, մշակութային փոխադարձ հարստացմանն ուղղված գովելի գործ է։
Ի դեպ, 2017 թ. ապրիլի 29-ին «Startpower» պարային մրցույթում Հրաչյա Կոստանյանի սաներին հաջողվել է հաղթողի տիտղոսը նվաճել ոչ միայն շրջանային փուլում, այլեւ դաշնային։ Նույն թվականի մայիսի 13-ին ակադեմիայի սաները «Groove» ռեգիոնալ մրցույթում եւս դարձել են մրցանակակիր։ Հրաչյա Կոստանյանը ներգրավված է նաեւ հայ համայնքի կյանքին: Անցյալ տարվա օգոստոսի 27-ին Իլինոյսի Էվանստոն քաղաքում կազմակերպված «Հայ Ֆեստին» մասնակցել են նաեւ նրա սաները՝ հայկական ավանդական եւ ժողովրդական պարերով, իսկ ամռան ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ճամբարին մասնակցող մանուկների ու նրանց ծնողների համար Հրաչյան կազմակերպել էր հայկական պարի անվճար դասընթացներ: ԱՄՆ տարբեր նահանգներից այստեղ հավաքված հայերը՝ մեծ ու փոքր, միասին պարել են Յարխուշտա, Թամզարա, Լորկե եւ այլ հայկական ազգային պարեր:
2017 թ. նոյեմբերին Հրաչյա Կոստանյանը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով` «Սփյուռքում հայ մշակույթի տարածման, պահպանման եւ հանրահռչակման համար»:
Պարուսույցի սաները 2018 թվականին էլ դատարկաձեռն չեն մնացել. Բալետի եւ արվեստի ակադեմիայի սաները մարտ ամսին ամերիկյան «Լեգասի» ազգային մրցույթում գրավել են առաջին տեղերը տարիքային գրեթե բոլոր խմբերում։
Ա. Կ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում