Մանկական հրաշք՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում

Մանկական հրաշք՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հունիսի 2-ին մանկական պրեմիերա է սպասվում: «Ալադինը և նրա կախարդական լամպը» բեմադրության հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանն է: Ի դեպ, ներկայացման գլխավոր փորձն ու, կարելի է ասել, պաշտոնական հանձնումը տեղի ունեցավ այսօր, առաջին «դատավորները» երեխաներն էին:

«Ճիշտ է, պրեմիերան վաղն է տեղի ունենալու, բայց մենք որոշեցինք այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ակցիա իրականացնել ու բաց դռների օր հայտարարել: Փոքրիկները եկան ու անվճար դիտեցին մեր թատրոնի նոր հեքիաթը: Ու ինչպես արձագանքները ցույց տվեցին՝ բավարարված էին թե՛ փոքրիկները, թե՛ նրանց ծնողները», – Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց բեմադրիչը:

Կախարդական բեմում հրաշքներ ու հնարքներ կլինեն: Ներկայացման հիմքում արաբական ժողովրդական հեքիաթն է, թեև ոմանք կփորձեն նույնացնել այն հայտնի մուլտֆիլմի հետ: Մեր զրուցակիցն ընդգծեց՝ մուլտֆիլմն ու ներկայացումը ընդհանրություններ չունեն, միակ նմանությունը կերպարներն են.

«Տեսարանները լիովին հեքիաթից են վերցված, այդ հեքիաթի հիմքով եմ գրել տեքստը: Երաժշտությամբ, պարերով ու երգերով շատ վառ հեքիաթ է ստացվել: Բեմում կտեսնեք սեր ու հրաշքներ, երեխաները կհասկանան ու կհավատան, որ բարին միշտ հաղթում է»:

«Ալադինը և նրա կախարդական լամպը» Վերոնիկա Սարոյանի թվով երրորդ բեմադրությունն է, առաջինը՝ մանկական թեմայով:

50 րոպե տևողությամբ ներկայացումը կընդգրկվի ռուսական թատրոնի խաղացանկում: Ներկայացման երաժշտական ընտրությամբ Վ. Սարոյանն անձամբ է զբաղվել՝ հավաքագրելով արևելյան ժամանակակից ճանաչված երաժշտությունները:

«Տեքստերը փոխել, ինքս նոր խոսքեր եմ գրել՝ համապատասխան մեր ներկայացմանը: Պարերը բեմադրել է Նունե Կիրակոսյանը, բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստների նկարիչն էլ Ինեսա Սևունցն է», – նշեց նա:

Դերասանական կազմում ընդգրկված են ոչ միայն թատրոնի արտիստները, այլև՝ ուսանողներ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում