Առողջապահական ՊՈԱԿ-ները նույնպես կհամալրվեն որակյալ մասնագետներով

ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որի համաձայն առողջապահական ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթներում երկուսից քիչ դիմող լինելու դեպքում այդ մրցույթը կհամարվի չկայացած և ընդհանուր հիմունքով կհայտարարվի նոր մրցույթ։ Այսպիսով, կազմակերպությունների գործադիր մարմինները որակյալ մասնագետներով կհամալրվեն մրցակցության հիման վրա, մրցույթները կանցկացվեն երկու և ավելի դիմողի դեպքում։

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջից ելնելով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում’ նպատակ ունենալով հստակեցնել և կարգավորել ընդերքօգտագործման ոլորտի իրավահարաբերությունները։
Կառավարության որոշմամբ մի շարք ՊՈԱԿ-ների թույլատրվել է իրենց միջոցների հաշվին մասնակցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությանը։ Նախաձեռնության հեղինակը նշված միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն է, ում իրենց հերթին անդամակցելու խնդրանքով դիմել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների տնօրեններ։ Դպրոց-կենտրոնների նպատակն է խթանել կրթական համակարգի զարգացումը։
Գործադիրը որոշել է Վանաձոր քաղաքի Աբովյան 64 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը, կաթսայատունը և օժանդակ շինությունը հանձնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղին, որը տարածաշրջանի’ գյուղատնտեսական մասնագետներ պատրաստող միակ ուսումնական հաստատությունն է և տարեցտարի ավելացնում է իր ուսանողների թիվը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունը դրանով իսկ ֆիզիկական անձանց կողմից հարկվող գործարքների մասով հարկերի հաշվարկման, հաշվանցման և վճարման կարգերը համապատասխանեցրել է գործող օրենսդրությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում