Երվանդ Պետրոսյանի «Սարդարապատ» պոեմը

Երվանդ Պետրոսյանի «Սարդարապատ» պոեմը

Օրերս լույս է տեսել Երվանդ Պետրոսյանի (1940-2016) «Սարդարապատ» պոեմը՝ նվիրված մեր ժողովրդի 100-ամյա պատմական հաղթանակին։ Այն բանաստեղծական-վիպական արտացոլումով եւ վերաիմաստավորմամբ պատմում է հերոսամարտի մանրամասները, հանդիպում ենք իրական անձանց՝ Մուրադին ու Սեպուհին, Գեւորգ կաթողիկոսին, Արամին, Գարեգին եպիսկոպոսին, Խալիլ փաշային, Դրոյին, Փիրումյանին, մյուսներին։ Տեսնում ենք հերոսական մարտի ելած մեր ժողովրդին՝ «Արագածից մինչ Արարատ / Ու Սեւանից մինչեւ երկինք»։

Պոեմը ժանրային առումով որոշակի հիշեցնում է Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելը», մանավանդ՝ պատմելու անմիջականությամբ, որոշ հատվածներում նաեւ տաղաչափությամբ։ Միայն թե այստեղ լավատեսությունն ու հաղթական շունչը գերակշռում են՝ «Ամեն հայ զինվոր վաշտ էր ասես / Ամեն գյուղացի՝ քայլող մի բերդ»։ Պոեմը հրատարակության է պատրաստել բանաստեղծի որդին՝ Տիգրան Պետրոսյանը, որ նաեւ Սարդարապատի հերոսամարտի գործիչների ու իրադարձությունների մասին մեծաքանակ ծանոթագրական փաստեր է զետեղել գրքում։ Մանավանդ որ Երվանդ Պետրոսյանի «Սարդարապատ» պոեմը չի շրջանցում թե՛ իրադարձություններ նկարագրելուց, թե՛ հստակ վերաբերմունք արտահայտելուց։ Գրական աշխարհի մարդիկ, կարծում ենք, դեռ կխոսեն պոեմի ու նրա բերած նորույթի մասին։

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում