ԱՄՆ դեսպանության ամերիկյան ֆիլմերի ցուցանիշը քաջալերում է, զորացնում և ոգեշնչում
Նմանատիպ
Անցած տարի լեփ-լեցուն դահլիճներում անցած ֆիլմերի ցուցադրումներից հետո ԱՄՆ դեսպանատունը հպարտ է կրկին վերադառնալ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարով: 2018թ. փառատոնի կարգախոսն է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» և ներկայացվելու են մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնք ի ցույց են դնում անհատի ուժը՝ աշխարհը փոխելու հարցում: Ֆիլմերի ցուցադրումները կլինեն հունիս 4-ից 10-ը. մուտքն ազատ է:
Ֆիլմերը մի աննկարագրելի ուժ ունեն. դրանք բացում են մարդկանց աչքերը՝ ի ցույց դնելով ուրիշների պատմությունները: Այս վավերագրական ֆիլմերը կարծում եմ հայ հանդիսատեսին կփոխադրեն Միացյալ Նահանգներ, կօգնեն ավելի լավ հասկանալ ամերիկյան մշակույթը, և որ առավել կարևոր է, այս ֆիլմերն ի ցույց կդնեն անհատի համընդհանուր ուժն ու ազդեցությունը և կքաջալերեն ու կոգեշնչեն բոլորիս, որպեսզի մենք դառնանք ավելի լավը և մեր շրջապատն ու հասարակությունը դարձնենք ավելի լավը», – ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ֆիլմերի անվճար ցուցադրումներ
Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2018-ի ընթացքում, որն ընթանում է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո, կցուցադրվեն 13 վավերագրական ֆիլմեր: Փառատոնը մեկնարկում է «Անծանոթների մեղեդին» ֆիլմի ցուցադրմամբ ս.թ. հունիսի 4-ին ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ցույց է տալիս ամերիկացի հայտնի թավջութակահար Յո-Յո Մայի համարձակ երաժշտական էքսպերիմենտը, երբ նա տարբեր երկրների տարբեր երաժշտաոճեր ներկայացնող երաժիշտներից ձևավորում է «Մետաքսի ճանապարհ» նվագախումբը, որի անդամները, օգտագործելով երաժշտությունը, ջանում են վերհանել մարդկությանը միավորող կապերը:
Հաջորդիվ, հունիսի 4-ից մինչև 10-ը, ամեն օր ժամը 17:00-ին և 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կշարունակվեն անվճար կինոցուցադրումները: Էկրան կբարձրանան հետևյալ ֆիլմերը. «Մելե որմնանկարներ», «Ֆլոյդ Նորման. անիմացիոն կյանք», «Լողի թիմ», «Ատաքսիա», «Դերերով փոխված», ««Եթե» նախագիծ», «Իրադարձություն», «Ագարակատեր, ֆերմեր, ձկնորս», «Հզորացման նախագիծ», «Սուպերաղջիկ», «Ավագ դպրոց 911» և «Առավել քան գնահատականը»: Մանրամասն ծրագիրը զետեղված է մեր կայքում, տես՝ https://www.usa.am/announce/afs_arm.pdf:
Ծրագրով նախատեսվում է նաև «Անծանոթների մեղեդին» ֆիլմի ցուցադրումը Գյումրիում՝ հունիսի 9-ին ժամը 16:00 «Հոկտեմբեր» կինոթատրոնում, և Վանաձորում՝ հունիսի 10-ին ժամը 16:00-ին «Լոռի» կինոակումբում: Երկու տեղում էլ մուտքն ազատ է:
«Այս վավերագրական ֆիլմերն ազդեցիկ պատմություններ են, որտեղ անհատները քայլեր են ձեռնարկում շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ, դպրոցականներն իրենց գյուղերում փորձում են կյանքեր փրկել կամ նկարագրվում են կին բանտարկյալների հետ իրականացվող վերականգնողական աշխատանքները: Դրանց ցույց են տալիս ամերիկյան հասարակության լավ ու վատ կողմերը ու հույսը: Ուստի կարծում եմ, որ այս ֆիլմերը դիտելուց հետո հանդիսատեսը կհեռանա ամերիկյան մշակույթի ու ամերիկյան հոգեբանության ավելի խորը ընկալմամբ ու իմացությամբ». – ասաց դեսպան Միլսը:
Տեսաէֆեկտների վարպետության դասընթաց
Այս տարի «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո ընթացող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը չի սահմանափակվում սոսկ կինոցուցադրումներով. անցած ամիս տեղի ունեցավ տեսաէֆեկտների նորագույն մոտեցումների վերաբերյալ վարպետության դաս, որոնք վարեց ԱՄՆ-ից ժամանած տեսաէֆեկտների մրցանակակիր մասնագետ Դարիուշ Դերախշանին, ինչպես նաև կինոարտադրության արվեստի մասին քննարկում, որը վարեց մոնտաժի մրցանակակիր մասնագետ Ջեյսոն Զելդսը:
Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում Դարիուշ Դերախշանին, ով տեսաէֆեկտների և համակարգչային գրաֆիկայի մասնագետ է և հայտնի է «Ապոկալիպտո», «ՌԷԴ», «Ֆանտաստիկ քառյակը» և մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում և «Սաութ փարք» հեռուստաշոուի շուրջ կատարած իր աշխատանքով, վարեց մեկ շաբաթ տևողությամբ աշխատարան տեսաէֆեկտների վերաբերյալ, ինչպես նաև աշխատեց ԹՈՒՄՈ-ի սաների հետ: Ջեյսոն Զելդսը, ով «Անծանոթների մեղեդին» ֆիլմի մոնտաժման աշխատանքներն է կատարել, տեղի կինոարտադրողներին ներկայացրեց մոնտաժի և ռեժիսուրայի ոլորտում իր ունեցած փորձն ու գիտելիքները:
«Ուզում ենք քաջալերել հայկական պատմությունների ներկայացումը հայ կինոարտադրողների կողմից՝ թե՛ տեղի, և թե՛ արտերկրի հանդիսատեսի համար: Այդ իսկ նպատակով մենք հրավիրում ենք ամերիկյան լավագույն գործիչներին, որպեսզի նրանք Հայաստանի կինոարտադրողների հաջորդ սերնդին ներկայացնեն ոլորտի լավագույն փորձը և հաղորդակից դարձնեն իրենց գաղափարներին ու ներշնչանքին», – ասաց դեսպան Միլսը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում