Սփյուռքի նախարարի խորհրդականի տարիքը համապատասխանում է պաշտոնի համար սահմանվածին. մեկնաբանում է փոխնախարարը

Սփյուռքի նախարարի խորհրդականի տարիքը համապատասխանում է պաշտոնի համար սահմանվածին. մեկնաբանում է փոխնախարարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղարշակ Հակոբյանի՝ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակումը չի հակասում օրենքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխնախարար Դավիթ Սարգսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե խորհրդականի տարիքը չի համապատասխան օրենքի դրույթին:

«Հանրային ծառայության մասին օրենքով խորհրդականի համար իսկապես սահմանված է 30 տարեկանի սահմանը: Սակայն այդ դրույթը պետք է դիտարկել մյուս դրույթների հետ համամասնորեն: Օրենքի նույն հոդվածում կա նշում, որ խորհրդականը պետք է նշանակվի պաշտոնի անձնագրին համապատասխան: Տվյալ պարագայում խորհրդականի պաշտոնի անձնագրում տարիքային սահմանափակումը բացակայում է»,-հիմնավորեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նույն օրենքում նշված է նաև, որ այդ 30 տարվա ցենզը սահմանող դրույթը վերաբերում է այն անձանց, ովքեր աշխատել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը: Հետևաբար, ամեն ինչ օրինական է:

Անդրադառնալով հանրային ծառայության ոլորտում 3 տարի աշխատանքային փորձ ունենալուն՝ նշեց, որ դա նույնպես համապատասխանում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում