Պարտավոր ենք քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տալ. Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակների մասին

Պարտավոր ենք քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տալ. Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը շրջանառության մեջ է դրել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին օրենսդրական նախաձեռնություն, որը կքննարկվի կառավարության նիստում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: «Բոլորը գիտեն, որ կան քննարկումներ, թե ինչպես անել, որ լուծումներ գտնենք, և այդ նպատակով առաջարկվել է հետաձգում ու քննարկում: Թե ինչ ժամկետ կպահանջի քննարկումը, ասել չեմ կարող: Ամեն դեպքում, պատասխանը չի ուշանա»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Թանդիլյանը:

Նախարարն ասաց, թե իրենք մտադիր են այնպիսի համակարգ ներդնել, որ հետաձգման կարիք այլևս երբեք չլինի: «Քննարկումներն անում ենք հենց նրա համար, որ կարողանանք այնպիսի լուծումներ տալ, այնպիսի տարբերակներ մշակել, որ ընդունելի լինի հասարակության համար: Սկզբունքը, որը խաթարվել է, առաջացրել է մարդկանց դժգոհությունը, շարունակում է մնալ: Դա է պատճառը, որ մտածում ենք հետաձգել ու նորից քննարկել: Ինչ վերաբերում է ռիսկայնությանը, այո, ռիսկային է, ռիսկային որոշակի հանգամանքներ կան հետաձգման մեջ, բայց դրա համար են քննարկումները: Մենք պարտավոր ենք քաղաքացիներին տալ ընտրելու հնարավորություն»,– նշեց նա՝ հավելելով, որ ինքը միշտ մարդկանց ընտրելու հնարավորություն տալու կողմնակից է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում