Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ֆրանսիայում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում հունիսի 3-ին կայացավ համերգային երեկո` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Վալ-դը-Մարն շրջանի պատգամավոր, Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բաեկամական խմբի փոխնախագահ, Ալֆորվիլի նախկին քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Վալ-դը-Մարն դեպարտամենտի սենատոր Սոֆի Տայե-Պոլիան, Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, միջոցառման կազմակերպիչներ ՀՅԴ Միջազգային բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը և Ֆրանսիայի ՀՅԴ կուսակցության նախագահ Շարլ Փափազյանը:
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության նշանակալի պատմական դերակատարությանը հայ ժողովրդի վերածննդի և հայոց պետականության վերականգնման գործում: Անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը` խորհրդանշական համարելով Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի` Հանրապետության տոնի օրերին Հայաստան կատարած այցը:
Մայիսի 22-ից հունիսի 3-ը Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի Ազգային Ժողովում, Փարիզի 5-րդ շրջանի քաղաքապետարանում, Գրենոբլում, Վիեննում, Մարսելում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում