Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում թույլ է տվել բացթողումներ՝ ցուցաբերելով անհարկի շտապողականություն. Դատախազություն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Հայաստանի գլխավոր դատախազությունը չի բողոքարկելու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով անցնող մյուս մեղադրյալներին չկալանավորելու մասին որոշումը, Aysor.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Դատախազությունից նշում են, որ նախաքննությունն իրականացնող մարմինն, այսինքն՝ Քննչական կոմիտեն, նախաքննության ընթացքում ցուցաբերել է անհարկի շտապողականություն։
Ավելին, Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուշադրությունն են հրավիրել նախաքննության բացթողումների վրա և ծառայողական քննությամբ պարզելու ենդրա պատճառները։
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից ուղարկել են հետևյալ գրավոր պատասխանը.
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ սույն թվականի ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Դավիթ Համբարձումյանը, Կարեն Օհանյանը, Սարգիս Սահակյանը, Գևորգ Համբարձումյանը, Գոռ Խաչատրյանը, Արթուր Խանջյանը, իսկ նույն վարչությունում՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ Կարեն Տոնոյանը և Էդմոնդ Պետրոսյանը:
Նախաքննության մարմինը հիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել դատարան:
Գոռ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարվել է, իսկ Դավիթ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Սարգիս Սահակյանի, Գևորգ Համբարձումյանի, Արթուր Խանջյանի, Կարեն Տոնոյանի և Էդմոնդ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են՝ մեղադրյալներին վերագրվող հանցագործությունը վերջիններիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունում Դ. Համբարձումյանի, Ս. Սահակյանի, Գ. Համբարձումյանի, Ա. Խանջյանի և Է. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում դրանք բողոքարկելու հիմքեր չեն հայտնաբերվել:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ գործով ձեռք բերված՝ վերը նշված մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններին կից դատարան ներկայացված ապացույցները չեն բավարարում նշված անձանց կալանավորման միջոցով նրանց ազատության իրավունքը սահմանափակելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի չափանիշին:
Քրեական գործերի, ինչպես նաև դատական ակտերի ուսումնասիրությամբ պետք է փաստել, որ նախաքննության մարմինը դրսևորելով անհարկի շտապողականություն, հիշյալ անձանց կողմից նրանց վերագրվող հանցանքը կատարելու վերաբերյալ բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցները չձեռնարկելու արդյունքում վաղաժամ և անհիմն միջնորդություններ է ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որպիսի պայմաններում ներկայացված փաստական տվյալները դատարանների կողմից գնահատվել են որպես հիմնավոր կասկածի բացակայություն՝ այլևս քննարկման առարկա չդարձնելով կալանավորման հիմքերը:
Վերը նշված քրեական գործերով պատշաճ, օբյեկտիվ և արդյունավետ քննություն կատարելն ապահովելու, պատշաճ ապացուցողական բազա ապահովելու նպատակով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից նախաքննության մարմնին գրավոր ցուցումներ են տրվում:
Դեպքի հանգամանքները, մասնակիցների շրջանակը լիարժեք պարզելու, նրանց մասնակցությունը հավաստող փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից կոնկրետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության պետին:
Միաժամանակ, նախաքննության ընթացքում թույլ տրված բացթողումների վրա հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուշադրությունը՝ պատճառները ծառայողական քննությամբ պարզելու, մեղավորների պատասխանատվության հարցը լուծելու, ինչպես նաև նման դեպքերը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում