«Նորֆոլկ»-ի տնօրենը փոխել է դիրքորոշումը և այժմ ընդունում է մեղադրանքը

«Նորֆոլկ»-ի տնօրենը փոխել է դիրքորոշումը և այժմ ընդունում է մեղադրանքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հունիսի 5-ին կալանքից ազատ է արձակվել և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել պետությանը պատճառված վնասը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ունանյանի փաստաբան Սամվել Անդրիասյանը։

Նկատենք, որ այսօր Ունանյանի կողմից տարածվել է հայտարարություն, որտեղ նշվում է հետևյալը.

«Ես՝ Արմեն Ունանյանս, հանդիսանալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն, իմ և մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարում եմ, որ ընդունում եմ մեր գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, ուստի իմ նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում։

Քրեական գործով հաշվարկված վնասը ըստ նախնական հաշվարկի կազմել է շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Քրեական գործի շրջանակներում նշանակված հարկային ստուգման արդյունքում հաշվարկված վնասն ամբողջությամբ՝ ներառյալ վճարված հարկերի գումարը, իմ կողմից վճարվելու է հարկային ստուգման ընթացքում։

Ցանկանում եմ նաև նշել, որ ընկերության զուտ շահույթն ի սկզբանե նպատակ եմ ունեցել հանձնել պետությանը, ինչն էլ իրականացնելու եմ համապատասխան հարկային ստուգումից հետո։

Ներկայումս՝ իմ և իմ աշխատակիցների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իմ գնահատմամբ ՀՀ ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում պահպանվել են իմ և իմ աշխատակիցների իրավունքները»։

Փաստաբանից Aysor.am-ը փորձեց հստակեցնել՝ արդյոք փոխվել է Ունանյանի դիրքորոշումը և արդյոք նա այժմ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը։ Ի պատասխան Անդրիասյանը նշեց. «Մեղադրյալը կարող է դիրքորոշումը նախաքննության ընթացքում ցանկացած պահի փոխել»։

Ճշտող հարցին՝ փոխե՞լ է Ունանյանը դիրքորոշումը մեղադրանքի նկատմամբ, փաստաբանը պատասխանեց. «Ըստ էության, ստացվում է այդպես»։

Արմեն Ունանյանին առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանք է առաջադրվել։ Օրերս նույն փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում