ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար շարունակում են հենման կետեր լինել. ՀՀ ԱԳ նախարար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի համար շարունակում են որպես հենման կետեր մնալ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը: Այս մասին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա ընդգծեց, որ երկկողմ հանդիպման ընթացքում խոսվել է ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային օրակարգային մի շարք հարցերից: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ռուսաստանի ներդրումը՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Պատրաստ ենք շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բանակցային գործընթացի առաջընթացին: Այս փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացի շարունակականության վրա: Մեզ համար հենման կետերն անփոփոխ են մնում: Դրանք են՝ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը: Բանակցություններն ուղղված են հենց այս հարցերի լուծմանը»,- հայտարարեց Մնացականյանը:
Նա հայտնեց, որ Լավրովի հետ հանդիպմանը ընդգծվել է հայկական կողմի հստակ տրամադրվածությունը՝ զարգացնելու բազմակողմ գործընկերային փոխգործակցությունը:
«Հանդիպման ընթացքում ես ընդգծել եմ այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը: Մենք մտադիր ենք հետագայում էլ շարունակել այդ համագործակցությունն այն սկզբունքների հիման վրա, որոնք առկա են 1997թ. Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ երկու ժողովուրդների միջև փոխադարձ կապերը մշտապես բարեկամության, փոխըմբռնման, անկեղծ հարգանքի, փոխադարձ աջակցության օրինակ են եղել:
«Մեր հարաբերություններում առկա ինտենսիվությունն ու խորությունն իսկապես պարտավորեցնում են նոր ջանքեր գործադրել դրանց շարունակականությունն ապահովելու համար»,- հայտարարեց նա:
Մնացականյանն ընդգծեց, որ կողմերը մտադիր են ավելի խորացնել ու ընդլայնել սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակում: «Այս մտադրություններն արդեն հնչել են ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև Սոչիում կայացած հանդիպման ժամանակ: Ուրախ ենք, որ այս հանդիպումների դինամիկան պահպանվում է, ակնկալում ենք նոր հանդիպումներ մոտ ապագայում»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով ՌԴ հետ հարաբերությունների կարևորությունը
Նա շնորհակալություն հայտնեց Լավրովին ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար՝ նշելով. «Սպասում ենք Ձեզ Երևանում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում