Սա նպատակների հուշագիր է, որտեղ չկա դրանց իրագործման գործիքակազմ. Շարմազանովը՝ կառավարության ծրագրի մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում քննադատության ենթարկեց կառավարության ծրագիրը՝ շեշտելով, որ իր գնահատականները բացառապես քաղաքական են: Նա կոչ արեց իր գնահատականներում որևէ անձնական վերաբերմունք չփնտրել այնուհետև խոսեց ներկայացված փաստաթղթի շուրջ՝ ըստ էության: «Հստակեցնենք՝ սա ՀՀ կառավարության, այլ ոչ թե ժամանակավոր կառավարության ծրագիր է: Դուք ՀՀ կառավարությունն եք` սահմանադրական բոլոր լիազորություններով: Ափսոսանքով պետք է նշեմ, որ կառավարության ներկայացրած փաստաթղթում առկա որոշակի հռետորաբանությունը ոչ թե գործադիր իշխանության, այլ հեղկոմների ծրագրային տարրեր է պարունակում: Կառավարությունը փորձում է տարիների իրականացրած աշխատանքի հիման վրա զարգացում ապահովել, իսկ հեղկոմները մերժում են սերունդների ստեղծածը: Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ հեղկոմ: Սա է պահանջում Հայաստանի ու մեր ժողովրդի շահը»,- նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Նրա գնահատմամբ՝ սա նպատակների և երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ և ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ նաև քաղաքական պատասխանատվություն:
«Պարոն Վարչապետ, Դուք Ձեր ելույթներից մեկում նշել էիք, որ Հայաստանին սպասվում է թռիչքային զարգացում : Մեր կառավարությունը իր բոլոր թերություններով հանդերձ Ձեզ փոխանցել է 7,5 տոկոս տնտեսական աճ ունեցող տնտեսություն: Կարծում եմ` թռիչքային զարգացումը առնվազն երկնիշ տնտեսական աճի ապահովումն է: Այս փաստաթղթում ես որևէ ժամկետ և տնտեսական աճի տեմպերի չափորոշիչ չտեսա: Ես հեռու եմ այն մտքից, որ մեկ ամսում մեր տնտեսությունը թռչելու է, բայց, ախր, որևէ թիվ չեք նշել: Ո՞րն է Ձեր կառավարության տնտեսական աճի թիրախը՝ 5,7,10,15 լավ մեկ տոկոս, չկա գրված, հրաժարվել ե՞ք թռիչքային զարգացման գաղափարից, ինչո՞ւ»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա հիշեցրեց, որ վերջերս կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում որևէ աղքատ մարդ չի լինելու: «Համոզված եմ, որ բոլորս էլ դա ենք ուզում, բայց հեռու լինելով քաղաքական ռոմանտիզմից, այնուհանդերձ, ուզում եմ իմանալ որքան է լինելու Ձեր կառավարության օրոք աղքատության կրճատումը: Դարձյալ թիվ չկա: Իսկ սա խնդիր է, որ բոլորիս է մտահոգում: Կառավարության ծրագրում գրեթե ոչ մի խոսք չկա արդյունաբերության և հանքարդյունաբերության զարգացումից: Հարց` բա առանց արդյունաբերության և հանքարդյունաբերության զարգացման ինչպե՞ս եք մտադիր նոր աշխատատեղեր ստեղծել, հասարակությունը այս ծրագրից սպասում է նաև նոր աշխատատեղերի բացում, ու՞ր է, կոնկրետ որևէ քայլ նշված չէ»,- մանրամասնեց ԱԺ փոխխոսնակը:
Նա նկատեց՝ փաստաթղթում նշված է՝ «Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը»: «Ներողություն, բայց մեկ հարց. ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք կարելի է համարել, որ այլևս քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կամ եռակի հեղափոխական կաթնատվություն են ապահովելու»,- հարցրեց Շարմազանովը:
Անդրադառնալով փաստաթղթի արտաքին քաղաքականություն բաժնին՝ հարկ եմ համարում նշել, որ նոր կառավարությունը և նրա ղեկավարը, հրաժարվելով իր նախկին արտաքին քաղաքական գնահատականներից, շարունակում է նախկին կառավարությունների արտաքին քաղաքական կուրսը: «Դրական է, որ, սրբագրելով Ձեր դիրքորոշումը, թե´ Եվրասիական միության և թե´ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում այլևս ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր չկան, ավելին` խրախուսվում է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունների խորացումը: Եթե նախկինում ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը Դուք համարում էիք ջուր, ապա այսօր ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է: Սակայն ծրագրում չկա որևէ հիշատակում ԵՄ անդամն երկրների, հատկապես` Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչու չէ նաև Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների մասին: Ոչինչ, որ Իրանի և Վրաստանի մասին փաստաթղթում ասված է ճիշտ այնքան, որքան Հնդկաստանի մասին, բայց կասեք խնդրեմ՝ ի՞նչ է նշանակում «զարգացնել այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարևաններին.: Խնդրում եմ բացատրել`սա ի՞նչ է, ի վերջո ծրագիր, թե զրույց սուրճի սեղանի շուրջ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ուշադիր ընթերցել է փաստաթղթի «Կրթություն և գիտություն» բաժինը, բայց այդպես էլ չի գտել որևէ միտք հայագիտության զարգացման մասին: «Կրկնում եմ՝ այս փաստաթղթում հայագիտության մասին գրված է զրո բառ: Ուզում եմ հասկանալ Ձեր դիրքորոշումը` արդյո՞ք մեր աշակերտները, մեր երեխաները դպրոցում պետք է ուսումնասիրեն հայ եկեղեցու պատմություն, թե ոչ:
Կրթության համակարգում ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգին կո՞ղմ եք թե դեմ: Կարծում եմ` անհրաժեշտություն է և՛ հայ եկեղեցու պատմության ուսուցումը և՛ ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգի իրագործումը:
Անդրադառնալով այս փաստաթղթին, հարկ է նշել, որ անընդունելի է, երբ Ադրբեջանի կողմից անընդհատ վտանգված հսկայական շրջաններ ունեցող երկրի կառավարությունը խոսք անգամ չի ասում սահմանամերձ համայնքների նկատմամբ իրականացվելիք իր քաղաքականության մասին և չի անդրադառնում այդ համայնքների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրներին»,- մանրամասնեց նա:
Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կապերին՝ Շարմազանովը մտահոգություն հայտնեց, որ փաստաթղթում ոչ մի խոսք չկար Սիրիայի մասին, ոչ մի խոսք սիրիահայության խնդիրների մասին, որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչների նախորդ կառավարության հետևողական ջանքերով հայրենադարձվեցին և արդյունավետորեն ինտեգրվեցին Հայաստանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում