ՀՀ արտաքին քաղաքական կուրսում Ռուսաստանի հետ հարաբերությունները հատուկ տեղ ունեն. ԱԳ նախարար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսության մակարդակում կա հիանալի փոխըմբռնում: Ընդ որում, այդ երկխոսությունը ոչ միայն արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով է, այլև երկու երկրների նախագահների և վարչապետների մակարդակով: Այս մասին Коммерсант-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք շատ հստակ ենք եղել մեր ձևակերպումներում. Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում կայունությունը և հետևողականությունը մնում է անփոփոխ, այդ կուրսում Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն հատուկ, վառ ընդգծված տեղ: Մենք մեր հարաբերություններում առաջ ենք շարժվում այդ ձևակերպման հիման վրա»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրադարձությունների զարգացման օրերին Ռուսաստանի փորձագիտական դաշտից հնչած գնահատականներին, հատկապես Միխայիլ Լեոնտևի հնչեցրած հայտարարություններին, նախարարը նշել է, որ գուցե պետք չէ դրա վրա զարմանալ, բայց, այդուհանդերձ, դա ցավոտ էր: Նախարարը տեղեկացրել է, որ հայկական կողմը կշարունակի օգնել փորձագիտական հանրությանն ավելի հստակ տեսնելու այն, ինչ տեղի է ունեցել հայ հասարակության շրջանում:
«Դա խորապես ներքին քաղաքական հարց էր, որը չունի որևէ աշխարհաքաղաքական երանգ: Դա ավելի քան հստակ ասված էր և ներկայացված: Եթե փորձագիտական հանրությունը դա դեռ չի ընկալել, ապա ժամանակն անպայման դա ցույց կտա, և փորձագետները կկարողանան իրավիճակն ընկալել ավելի հստակ: Թեպետ մենք արել ենք ամեն ինչ, որ այդ ընկալումը լինի արագ»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ միգուցե գայթակղիչ է անցկացնել զուգահեռներ այլ իրավիճակների միջև, և միգուցե հենց դրանում է կայանում փորձագիտական հանրության աշխատանքը: «Բայց մեկ անգամ ևս ընդգծում եմ՝ այն ինչ կատարվել է Հայաստանում, խորապես ներհայաստանյան գործընթաց էր՝ առանց աշխարհաքաղաքական երանգների»,- հավելել է նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում