Նկարիչների միությունում դժգոհում են լճացումից

Նկարիչների միությունում դժգոհում են լճացումից

Հայաստանի նկարիչների միության մի շարք անդամներ դժգոհում են միությունում չարաշահումներից ու լճացումից։ Նկարիչ Ղազար Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միությունում մշտապես եղել են առողջ քննարկումներ, անգամ բանավեճեր՝ տարբեր հարցերի շուրջ, այսօր ճիշտ խոսքի համար պատժում են։ «Այսօր մեկը բերանը բացում է, ճիշտ բան է ուզում ասել, միությունից հեռացնում են, որ ձայնը կտրեն»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ բոլորն ուզում են ամեն տեղ փոփոխություն լինի ու փորձում են դա անել։ Նա ասաց, որ դրսից բազմաթիվ հրավերներ են լինում, և դրանց գնում են միշտ նույն մարդիկ՝ 7-8 հոգի, ոչ ավել։

Նկարիչը տեղեկացրեց, որ նախատեսված է ժողով-քննարկում անցկացնել, որի ժամանակ քննարկելու են Խաչիկ Հարությունյանի առաջարկած ծրագիրը, որն իրեն դուր է եկել։ Միրզոյանի կարծիքով՝ եթե այդ ձևով կառավարվի միությունը, շատ ավելի արդար կլինի, հարմար ու բոլորին հաճելի։ Հարցին՝ արդյոք նախագահի փոփոխությունը խնդիրները կլուծի, նա ասաց.

«Միայն նախագահի փոփոխությամբ ոչինչ չի լինի, սկսած նախագահից, վարչություն և այլն, այդ ամբողջը պիտի մաքրվի, պիտի ջահելները գան ու սկսեն միությունը ղեկավարել, որովհետև կյանքի ընթացքից հետ ենք մնացել։ Ջահելներն այսօր ավելի կարող են, քան մենք, պիտի գան, իրենք որոշեն, բայց այնպիսի ջահելներ են պետք, որ արածը չքանդեն՝ իբր նորն են անում, այլ արածի վրա նորը դնելով գնան առաջ։ Թե չէ նախագահն ով էլ լինի՝ նույնն է լինելու, այստեղ նախագահի խնդիրը չէ»։

Նկարիչ Հաղթանակ Շահումյանը նշեց, որ նախկինում նկարիչների շփման լայն հնարավորություններ կային, իսկ հիմա անգամ նկարիչներից շատերն իրար չեն ճանաչում, որովհետև շփումը իրար հետ վերացել է, բացի այդ, ընկել է ցուցահանդեսային որակը, միությունը կորցրել է իր ունեցվածքը։ «Մեր միությունն ամենահզոր միությունն էր, ու ունեցվածքի կորուստը որևէ նպաստ չի բերել, այն, ինչ վաճառվել է, չգիտեմ ուր է գնացել ամբողջը։ Մարդիկ ուզում են, որ վերափոխում լինի, որն անհրաժեշտ է, դա է ստիպել հավաքվել»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հավաքը որոշակի չափով կնպաստի միության հետագա զարգացմանը։

Նրա խոսքով՝ նախորդ կառավարիչները ոչ միայն ոչնչացրեցին միություն հասկացությունը, այլև վարկաբեկեցին արվեստագետի, արվեստի մարդու որակը, ինչն անընդունելի է։

Նկարիչ Խաչիկ Հարությունյանն ընդգծեց՝ պետք է ցույց տալ, որ գոյություն ունի այսպիսի արվեստ, քանի որ երեխաները հիմա ավելի շատ օտար երկրների արվեստագետների են ճանաչում, քան հայ, որովհետև ոչ մի տեղեկատվություն չեն ստանում նրանց մասին։ Նա ասաց, որ միության գործող նախագահի օրոք երեք անգամ կանոնադրություն է փոխվել, ու ամեն տեղ այնպես է ներկայացվում, որ գեղարվեստական խորհուրդն է միայն նախագահ ընտրելու։

«Ինչու՞։ Այնտեղ էլ այնպիսի մարդիկ են, որ ակամայից կուլ են գնում իր իշխանությանը, բայց այդ բառը պետք է մոռացվի այստեղ. մշակույթում «իշխանություն» բառ և երևույթ պիտի գոյություն չունենա»,- ասաց նա։

Միության նախագահ Կարեն Աղամյանն անհատական ցուցահանդեսով Կիևում է, նա այնտեղից կվերադառնա հինգ օրից։ Նրա տեղակալ Կարապետ Փաշյանը լրագրողների հետ զրույցում նախ իր զարմանքն արտահայտեց, որ նման դժգոհություն կա նկարիչների շրջանում։

Ցուցահանդեսներին մասնակցող նկարիչների ընտրության անարդարությանն անդրադառնալով, արձագանքելով դիտարկմանը, թե ժյուրին անկախ չէ, նա ասաց. «Անկախը ո՞րն է, ժուռնալիստնե՞ր, նկարիչներ են իհարկե։ Միության նախագահի հետ կապ չունեն, անընդհատ փոխվում են»։

Փաշյանն ասաց, որ միության նախագահին ընտրել է համագումարը՝ 70-80 տոկոս ձայն են տվել, ընտրել են միության անդամները։ Հարցին՝ չի՞ ցանկանում բարձրանալ վերև, ծանոթանալ դժգոհություններին, նա զարմանքով պատասխանեց. «Ինչի՞ պիտի բարձրանամ։ Ախր ի՞նչ բողոք, ի՞նչ են ուզում, նախագահը փոխվի՞։ Համագումար կա դրա համար»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ միության նախագահը տեղյա՞կ է նկարիչների դժգոհությունից ու քննարկումներից, տեղեկացնելու՞ է արդյոք, ինչին Փաշյանն արձագանքեց. «Ինչի՞ համար, ի՞նչ է եղել, 20 հոգու համար ի՞նչ անեմ, զանգե՞մ»։

Միության նախագահի տեղակալը հայտնեց, որ այս տարեվերջին համագումար է լինելու, հորդորեց համբերել, տեսնել՝ ինչ կլինի։

Նշենք, որ Կարեն Աղամյանը Հայաստանի նկարիչների միության նախագահն է՝ սկսած 1998-ից։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում