Ինչ չի կարելի անել տոներին ու սգո օրերին

«Գովազդային վահանակին Մայիսի 9-ի Հաղթանակի տոնը խորհրդանշող նկար էր, բայց պարզվեց, որ ընդամենը մի ինչ-որ դրամատան գովազդ է. այսինչ բանկն առաջարկում է «հաղթական ավանդներ»։ Ու տոկոսադրույքները, որոնցով պետք է հաշվել այդ ավանդից ստացվող եկամուտը։-կարդում ենք «Հայոց աշխարհ»-ում։- Չէի հասցրել լիարժեք մարսել նմանօրինակ «գովազդը», երբ մեկ այլ վահանակ, ավելի ճիշտ էլեկտրոնային խոշոր մոնիտորն ուշադրություն գրավեց։
Էլի գովազդ էր։ «Գեորգիեւյան ժապավենով», «Հայրենական պատերազմի» շքանշանի լուսանկարով ու… Ինչ-որ մի խաղատուն կամ կազինո առաջարկում էր անցորդներին մայիսի 9-ին մասնակցել իրենց մոտ տեղի ունենալիք «տոնական խաղարկությանը»։ Չէ, այս մեկն արդեն իսկապես վերջին կաթիլն էր։ Ակամայից հիշեցի «վերնիսաժում» մարտական մեդալներ ու շքանշաններ վաճառողներին, որոնցից միշտ խորշել եմ։
Լավ, գովազդատուներն առանձնակի իրենց չեն ծանրաբեռնել խղճի ու գիտակցության հետ կապված հարցերով, գովազդը պատրաստողներն էլ, իսկական վարձկանների նման, փողը վերցրել ու իրենց աշխատանքն են կատարել եւ, խնդրեմ, հիացեք։ Մարդիկ իրենց բիզնես շահը կցմցել են Հաղթանակի օրվան։ Այսինքն’ երեւի մտածել են «օրվա հետ քայլել»՝ դե տոն է, առիթ է, ինչո՞ւ չօգտվել եւ մի քանի «կոպեկ» ավել չպոկել այդ տոնական առիթն օգտագործելով։

Իսկ թե ի՞նչ տոն է, ինչո՞ւ է տոն, ի՞նչ գնով է այդ օրը տոն, վստահաբար ոչ մեկին չի էլ հուզել. ո՛չ գովազդ պատվիրողներին, ո՛չ պատրաստողներին, ո՛չ էլ այդ ամենը հրապարակավ ցուցադրելու հնարավորություն տվողներին։ Նրանց դա չի հետաքրքրել։ Նրանք իրենց նեղություն էլ չեն տվել մտածելու, թե դա ինչպես կընդունի հասարակությունը։
Կան բաներ, որ չի կարելի անել։ Երեւի պետք է լինեն այդպիսի բաներ։ Չի կարելի, օրինակ, հուղարկավորության ժամանակ թափորի մեջ անեկդոտ պատմել, չի կարելի «սեմըշկա չրթելով» բարձրանալ Ծիծեռնակաբերդ… Ու էլի շատ ու շատ բաներ, որ ոչ մի օրենքում սովորաբար ոչ մեկը չի գրում, բայց եթե հասարակություն են, ապա թույլ չեն տալիս։ Իսկ թույլ տվողներին էլ, մեղմ ասած, սաստում են։
Հաղթանակի օրվա վրա գովազդ սարքելը, իմ համեստ կարծիքով, նման «չի կարելի»-ների շարքում է»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում