ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանի շենքից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ տեղափոխեց
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային անվտանգության ծառայությունը բեռնատարով Երևանի քաղաքապետարանից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ տեղափոխեց: ԱԱԾ աշխատակիցները մի քանի ավտոմեքենաներով, այդ թվում և բեռնատարով եկել էին քաղաքապետարանի մոտ ու ներս մտնելով, գործողություններ էին իրականացնում քաղաքապետարանի շենքում:
Մի քանի ժամ շարունակվող գործողություններից հետո ԱԱԾ ներկայացուցիչները սև տոպրակներով դուրս եկան շենքից, դրեցին դրանք բեռնատարի մեջ ու հեռացան:
Այս ընթացքում ԱԱԾ-ն հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում էր, թե հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով: Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ»,- նշվում էր հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում