Հակոբ Ղազանչյանը «Ստոբի» ամֆիթատրոնում բեմադրելու է «Լիսիստրատե»-ն

Հակոբ Ղազանչյանը «Ստոբի» ամֆիթատրոնում բեմադրելու է «Լիսիստրատե»-ն

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը Մակեդոնիայի՝ անտիկ ժամանակներից մեզ հասած «Ստոբի» ամֆիթատրոնում բեմադրելու է Արիստոֆանի «Լիսիստրատե» աշխատանքը: Ներկայացման փորձերն արդեն սկսված են:

Panorama.am-ի հետ զրույցում Հակոբ Ղազանչյանն ասաց, որ հրավեր ստացել է մակեդոնական կողմից, բոլոր ծախսերը հոգում է Մակեդոնիայի մշակույթի նախարարությունը:

«Տասը տարի առաջ այդ ամֆիթատրոնում նույնպես բեմադրություն եմ արել: Հիմա առաջարկ ստացա՝ կրկին անել բեմադրություն: Պիեսն ես առաջարկեցի: Անպայման պետք է անտիկ շրջանի դրամատուրգիայից լիներ»,- նշեց բեմադրիչը:

Հ. Ղազանչյանի խոսքով, ամֆիթատրոնին ամենամոտը Վելես քաղաքն է, որտեղ էլ անցկացվում են սկզբնական փորձերը: Ներկայացման մեջ խաղում են Վելեսի Յորդան Ձինոտի անվան ազգային թատրոնի դերասանները: Գլխավոր դերակատարուհին հրավիրված է Սկոպյեից, Իռենա Իլիևսկան է: Ներկայացումը խաղացվելու է մակեդոներեն:

«Հիմա ընթացիկ փորձերն են: Պրեմիերան նախատեսված է մոտավորապես հուլիսի 19-ին»,- տեղեկացրեց Հ. Ղազանչյանը:

Նա նշեց, որ ամեն ինչ ընթանում է նորմել, գոհ է դերասանախմբից, նրանց վերաբերմունքից, պրոֆեսիոնալ մոտեցումներից՝ թե տեխնիկական, թե զգեստների պատրաստման:

«Շատ հետաքրքիր է ամֆիթատրոնում բեմադրություն անելը: «Ստոբին» այն եզակի ամֆիթատրոններից է, որը մեզ հասել է անտիկ շրջանից ու ընդհանրապես ռեստավրացիոն, վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Ինչպես այն ստեղծել է, այնպես էլ հասել է մեզ: Հետաքրքիր մթնոլորտ է: Ամեն ինչ շատ հետաքրքիր է, հուսով եմ՝ ներկայացումն էլ լավ կստացվի»,- ասաց Հակոբ Ղազանչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում