Բակո Սահակյանն ընդունել է հայոց եկեղեցու սրբազանների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Նոր Ջուղայի թեմի առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանին, Սփյուռքից ժամանած մի խումբ բարերարների: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում հայապահպանության գործում, նշելով որ եկեղեցին մեծ ներդրում ունի Հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ ընդլայնման մեջ:
Երկուստեք կարեւորվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացումը, այն համարելով Հայրենիք-Սփյուռք կուռ միասնության առանցքային հիմքերից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում