Ահաբեկչություն Թուրքիայում թե՞ հումանիտար ինտերվենիցայի սկիզբ Սիրիայում

Մայիսի 12-ին թուրք-սիրիական սահմանի մոտակայքում գտնվող Ռեյհանլը բնակավայրում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 46, վիրավորվել’ 155 մարդ։

Ըստ «The Wall Street Journal»-ի, ահաբեկչություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Թուրքիայի ինը քաղաքացիներ, որոնք այժմ հարցաքննվում են: Թուրքական կողմը մեղադրում է սիրիական հետախուզությանը ահաբեկչությունը կազմակերպելու մեջ: Սակայն Սիրիան մերժում է պատահարի հետ ունեցած իր կապը: Թերթի մեկնաբանմամբ, Սիրիան կազմակերպել է ահաբեկչական գործողությունն ի պատասխան Էրդողանի՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման: Թուրքիայի վարչապետը հույս ունի համոզել Օբամային՝ դիմելու կտրուկ գործողությունների Սիրիայի հարցում:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը փոխանցում է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայի խոսքերը.

«Բոլոր ձերբակալվածները հանդիսանում են Թուրքիայի քաղաքացիներ։ Այս մենք անում ենք հնարավորը՝ բացահայտելու ահաբեկչությունը։ Մի քանի մարդ դեռ հետախուզվում է։ Սակայն չեմ կարծում, որ նրանց գտնելը երկար ժամանակ կպահանջի»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ահաբեկչության կազմակերպիչները Սիրիայի ընդդիմության և փախստականների հետ ոչ մի կապ չունեն։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի խոսքերով ձերբակալվածների թվում են նաև ահաբեկչության բուն կազմակերպիչները։

Վերջերս թուրք-սիրիական սահմանին հաճախակիացել են բախումներն ու ընդհարումները: Թուրքական կողմը համառորեն մեղադրում է Սիրիային՝ փորձելով ցույց տալ արտաքին աշխարհին իր սահմանների մոտ առկա վտանգը: Գաղտնիք չէ, որ Թուրքիան ցանկանում է Ասադին հեռացնել իշխանությունից, և տարբեր պատճառներ է փնտրում՝ լեգիտիմացնելու հնարավոր ներխուժումը հարևան երկիր: Թուրքական հռետորիկան շեշտը դնում է նաև Սիրիայում իշխանությունների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեղադրանքի վրա:

Ակնհայտ է մի բան, որ Սիրիայի նկատմամբ կրկնվում է վաղուց արդեն փորձարկված մի սցենար. իբր երկրի բնակչությունը դառնում է իշխող վարչակարգի կողմից կիրառվող քիմիական զենքի զոհը և մարդկության դեմ նման հանցանք չհանդուրժող «հումանիտար» հարևանը «օգնության» է հասնում և «փրկում» խաղաղ բնակչությանը: Այս բեմադրությունը կոչվում է հումանիտար ինտերվենցիա, որի անվան ներքո էլ արդարացվում են բոլոր անմարդկային գործողությունները:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում