«Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին

«Հարսանիք թիկունքում»․ աղմուկ հանած ներկայացումը թատրոն է բերել դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին

Արցախյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որը դիտելու համար Հայաստանի տարբեր վայրերից, հատկապես մայրաքաղաքից Գյումրի են գալիս հայտնի մշակութային գործիչներ, զինվորականներ, այս անգամ անտարբեր չի թողել նաև դատախազներին, ԱԱԾ աշխատակիցներին։ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը մեզ տեղեկացրեց, որ այն դիտելու համար թատրոն են եկել Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ մարզի մյուս դատախազների հետ միասին։

Տիգրան Վիրաբյանը մեզ նաև տեղեկացրեց, որ առաջիկա 5 ներկայացման թվով 3000 տոմս արդեն վաճառված է, դեռ մեկ օր է, ինչ հայտարարել են Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում հյուրախաղ ունենալու մասին, տոմսերի 80 տոկոսն արդեն սպառված է։ «Մտածում ենք Երևանում ևս մեկ ներկայացում ավելացնելու մասին։ Սեպտեմբերին մեկ շաբաթով կգնանք Արցախ, 5 ներկայացում կլինի այնտեղ։ Այս մասին մենք պայմանավորվածություն ունենք Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ», -ասաց Տիգրան Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ պիեսի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, ռեժիսորը՝ Լյուդվիգ Հարությունյանը, երաժշտության հեղինակը Հայկոն է, որն առաջին անգամն է ներկայացման համար երաժշտություն գրում։ Նկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանն է, իսկ հերոսներին մարմնավորում են Նառա Սանթոյանը, Արկադի Ղարագուլյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Տիգրան Գաբոյանը: Մեծ թվով երիտասարդ դերասաններ են խաղում՝ Տարոն Գրիգորյանը (փեսայի դերակատարն է), Ջեմմա Ադամյանը (հարսի դերակատարն է), Գևորգ Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը․․․

Այն հնարավոր չէ դիտել առանց արտասվելու․ դրամայում փեսան՝ Արմենն ու հարսանիքին մասնակցող մյուս երիտասարդները, հեռախոսազանգով պատահաբար լսելով պատերազմի գույժը, կիսատ են թողնում քեֆ-ուրախությունն ու վազում ռազմաճակատ՝ այն վստահությամբ, որ հետ են գալու կիսատ թողած հարսանիքը շարունակելու։Փեսան ռազմաճակատից հետ է վերադառնում, նրա ընկերներից ոմանք՝ ոչ։ Ընկերների կորստյան վիշտը սրտում, այդուհանդերձ իր մեջ ուժ է գտնում պարելու ու հարազատներին ստիպելու, որ նրանք էլ պարեն, քանի որ դա իր զոհված ընկերոջ պատգամն է։ Նա թիկունք դարձավ, որպեսզի հարսանիքները շարունակվեն, հայ ազգը բազմանա ու հարատևի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում