Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի ընտրությունը հետաձգվել է
Նմանատիպ
Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրությունը երեկ այդպես էլ չի կայացել։ Նախօրեին թատրոնի դերասանական և ստեղծագործական կազմը հանդիպել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ։ Panorama.am-ը թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանից տեղեկացավ, որ առայժմ նշանակվել է գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
«Նախարարը հանդիպեց կոլեկտիվի հետ։ Բոլոր թևերը նախարարին ներկայացրեցին իրենց առաջարկությունները, մտորումները։ Եղավ առաջարկ, որը գրեթե 100 տոկոսին գոհացրեց՝ պաշտոնապես գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին ինձ՝ մինչև հոկտեմբերի 1-ը»,- ասաց Ֆ. Դավթյանը։
Նա նշեց, որ նման որոշում է ընդունվել, որպեսզի այդ ընթացքում լսվեն գեղարվեստական ղեկավարների թեկնածուների ծրագրերը. «Ներկա երեք թևերը դեռ վերջնականորեն կողմնորոշված չէին, վերջնական ծրագրերը լսված չէին»։
Նշենք, որ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնն արդեն ութ ամիս է գեղարվեստական ղեկավար չունի։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո գեղարվեստական ղեկավարի ընտրություն տեղի չի ունեցել։ Ավելի վաղ գրել էինք, որ գեղարվեստական ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար ինքնաառաջադրվել են նույն թատրոնից դերասանուհի, բեմադրիչ Նորա Գրիգորյանը և դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։
Կա նաև երրորդ թեկնածու։ Հարցին, թե՞ ով է նա, Ֆ. Դավթյանն ասաց. «Առայժմ չպատասխանեմ այդ հարցին, քանի որ դրսից է թեկնածուն։ Նա եթե վերջանական որոշում ընդունի, նախարարի պնդումն է, որ ֆիզիկապես ներկա լինի ու ներկայացնի իր ծրագիրը»։
Թեկնածուն հայ է, բնակվում է Ռուսաստանում։ Ֆ. Դավթյանն ասաց, որ նա թատրոնում ունի իր կողմնակիցները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում