Ապօրինի հարստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու վերաբերյալ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊ ընկերության հաշվապահի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների շրջանակներում հունիսի 20-ին և 21-ին խուզարկություններ են կատարվել նաև «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։
Արդյունքում ՝ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ.Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի 19-ից մինչև 2018թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն ինչպես Վ.Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ.Բեգլարյանի հայտարարագրերում բացակայում են նշումներ՝ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ:
Այսպիսով՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցներն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով և 314.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, այն է՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացում հաշվետու ժամանակահատվածում, որոնք էականորեն գերազանցում են օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում և հայտարարատու պաշտոնատար անձը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերում թաքցրել է ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի չհայտարարագրմանը:
Նկատի ունենալով, որ բացահայտված նոր տվյալները կապված չեն քննվող քրեական գործով մեղադրյալներին մեղսագրվող հանցագործությունների հետ՝ Երեան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչի որոշմամբ այսօր հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով և 314.3 հոդվածի 2-րդ մասով։
Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործը ՀՀ դատախազություն ուղարկել՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում