Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Ավստրիայում

Մայիսի 5-ին եւ 12-ին Ավստրիայի Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում միջոցառումներ՝ նվիրված երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Միջոցառումներին մասնակցեց Ավստրրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Դեսպանության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին հուշահամալիրի կենտրոնական հուշակոթողին, խորհրդային ռազմագերիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հայ եւ բախտակից խորհրդային ժողովուրդների ռազմագերիների հուշատախտակներին:

Մայիսի 5-ին Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում տեղի ունեցավ նոր թանգարանային սրահի եւ Անվանասրահի բացման պաշտոնական արարողությունը՝ Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի, Խորհրդարանի նախագահ Բարբարա Պրամմերի, փոխվարչապետ եւ ԱԳ նապարար Միխայել Շպինդլեգգերի, ՆԳ նախարար Յոհաննա Միկլ-Լեիթների, կառավարության այլ անդամների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին եւ մասնակիցների առաջ ելույթներով հանդես եկան Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին, Ամերիկայի Հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Դեւիդ Հարրիսը, եվրոպական տարբեր երկրներից ժամանած ճամբարի նախկին ռազմագերիներ:

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը եւ Մաուտհաուզեն հուշահամալիրի ղեկավարությունը դեռեւս 2012թ. նախաձեռնել էր 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարում ազատազրկված եւ զոհված շուրջ 15633 ԽՍՀՄ քաղաքացիների ինքնության ճշգրտման գործընթաց’ նախկին ռազմագերիների եւ զոհերի հիշատակը հավերժացնող Հիշատակի գիրք տպագրելու եւ հուշահամալիրում Անվանասրահ ստեղծելու նպատակով:

Դեսպանության ջանքերով եւ Հայաստանի պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում ճշգրտվել են ցուցակում ընդգրկված թվով 59 հայ ռազմագերիների տվյալները, որոնց անունները տեղ են գտել Անվանասրահի հուշատախտակներում եւ ցուցասրահի հիշատակի գրքում: Հիշատակի գրքի ամբողջական հրատարակումը ծրագրված է 2014 թվականին:

Բացի այդ՝ դեսպանությունը Հայաստանի կենտրոնական զինվորական կոմիսարիատից ստացել էր համապատասխան անձանց վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, մասնավորապես 5 հայ ռազմագերիների լուսանկարներ, անձը հաստատող փաստաթղթեր եւ հավելյալ տվյալներ, որոնք արդեն իսկ ներառվել են եւ առաջիկայում էլ զետեղվելու են Ավստրիայի Ներքին գործերի նախարարության եւ հուշահամալիր-թանգարանի տեղեկատվական հրատարակություններում: Մասնավորապես, ՄԱՈՒՏՀԱՈՒԶԵՆ տեղեկատվական ամսագրի մայիսյան թողարկման մեջ հատուկ առանձնացվել եւ զետեղվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից զորակոչված եւ 1945 թ. ապրիլի 22-ին համակենտրոնացման ճամբարում իրենց մահկանացուն կնքած Վանուշ եւ Արսեն Հարությունյան եղբայրների լուսանկարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում