Ծառուկյանը պաշտոն կտա նախկին նախարարին

«Ժամանակի» տեղեկություններով՝ սպորտի եւ երիտասարդության հարցերով ԲՀԿ-ական արդեն նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանն անգործ չի մնա եւ նոր պաշտոն կստանա: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում.

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նրան գործ է տալու: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա ԲՀԿ ղեկավարի օբյեկտներից մեկում կաշխատի որպես տնօրեն:

Ի դեպ, Գ. Ծառուկյանն ու Հ. Ռոստոմյանը դեռեւս Երեւանի ավագանու ընտրություններից առաջ գիտեին, որ իշխանությունները սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը ԲՀԿ-ից կվերցնեն, եթե Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չկազմեն: Եվ մոտ երկու ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի միակ ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սնանկանում է, եւ կարծիք կար, որ այն կգնի Գ. Ծառուկյանը, Հ. Ռոստոմյանն իր մերձավոր շրջապատում ասել էր, թե ԲՀԿ ղեկավարն իրեն է նշանակելու որպես այդ ընկերության տնօրեն: Բայց երբ պարզ դարձավ, որ Գ. Ծառուկյանը չի գնելու «Արմավիան», Հ. Ռոստոմյանն իր ընկերներին ասել է, թե իրեն նշանակելու է «Ավիասերվիս» ընկերության տնօրեն»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում