Ճոճանակի երգը

Ճոճանակի երգը

Ա՛յ ճոճանա՛կ, ճոճանա՛կ,
Գնա՛, արի՛ շարունակ,
Իջի՛ր ներքև, ելի՛ր վեր,
Մեզ էլ քեզ հետ տա՛ր ու բե՛ր։

Հրաչիկը վախ չունի,
Նման է ժիր թռչունի,
Թևերն օդում տարածում,
Ճռվողում է՝ երգ ասում։

Աշոտիկը փոքր է դեռ,
Երբ որ դառնա ինժեներ
Ու ցած նայի մեծ շենքից,
Չի սարսափի բարձունքից։

Արա՛մ, դու էլ ե՛կ նստիր,
Գուցե դառնաս նավաստի,
Երբ փոթորիկ բարձրանա,
Ծովում դու չես վախենա։

Ա՛յ ճոճանա՛կ, ճոճանա՛կ,
Գնա՛, արի՛ շարունակ,
Իջի՛ր ներքև, ելի՛ր վեր,
Մեզ էլ քեզ հետ տա՛ր ու բե՛ր։

Ռուբեն ՂԱՐԻԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում