Կորած երիտասարդին առեւանգե՞լ էին

Գետափ գյուղի 18-ամյա բնակիչ, Հայ-ռուսական (Սլավոնական) hամալսարանի ուսանող Արմեն Մուրադյանին, ով մայիսի 11-ի առավոտյան դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել, գտել են Դիլիջանում: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում.

«Գետափում իսկական իրարանցում էր, հավաքվել էին ընկերները, բարեկամներն ու հարեւանները՝ այս օրերի շոկից դեռ դուրս չեկած եւ ուրախությունից հուզված: Արմեն Մուրադյանի մայրը՝ Անահիտն, ասաց, որ որդին միայն հասցրել է ասել. «Մամ, լավ եմ»։ «Ուրիշ ոչ մի բան… բերեցին մեզ ցույց տվեցին եւ տարան ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հարցաքննության»,- ասաց մայրը «Ժամանակի» հետ զրույցում:

Ի դեպ, ըստ մեր հավաստի տվյալների, որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել, տղան պարզապես գնացել է աղջիկների հետ «լավ» ժամանակ անցկացնելու, եւ քանի որ բավական մեծ գումար է վատնել, իրեն վատ է զգացել ու չի ուզել տնեցիներին այդ մասին հաղորդել:

Տան մոտ հավաքված ընկերներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբողջ ճանապարհին Արմենը չի խոսել, շոկի մեջ է եղել. «Խոսքը կցկտուր էր, անհասկանալի, միայն իր մորն ու հորն էր ուզում»: Մեր ունեցած աղբյուրների փոխանցմամբ՝ քանի որ բավական մեծ գումար էր ծախսել եւ հետո մտածել, թե ինչպես պետք է տանն ասի այդ մասին, դա էլ ավելի էր սթրեսի մեջ գցել տղային: Ի դեպ, ընտանիքի մյուս անդամները նույնպես դեռ չեն հասցրել նրա հետ խոսել:

Իսկ ահա, ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներն էլ փոխանցեցին, որ հաստատ Արմենը զվարճանքի համար չէր գնացել, որ նրան, ըստ էության, առեւանգել էին:

Մայրը խոստացավ, որ որդին հենց «պատրաստ» լինի, կխոսի:

Նրա ընկերներից մեկի հավաստիացմամբ՝ եթե Արմենն ինչ-որ խնդիրներ ունենար, ընկերներն ու ավագ եղբայրը կիմանային, բայց նա ոչ մեկին ոչ մի նման բան չի պատմել»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում