Առանց արևելյան ողբի

Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Չգիտեմ, գուցե տարիքից կամ, որը գրեթե նույնն է, մասնագիտական փորձառությունից է, բայց ես հակված չեմ դրամատիզացնել որևէ իրադարձություն և այն ուղեկցել մեր ավանդական հայկական [արևելյան] «վայ-վույով»: Երեկվա իրադարձությունները’ այդ թվում: Աբովյանի եկեղեցու մասին: Գագիկ Ծառուկյանը, ուզի թե չուզի, քաղաքականության մեջ է, կուսակցության ղեկավար է, պատգամավոր: Բնական է, որ ոմանց նրա կերպարը և գործունեությունը դուր է գալիս, ոմանց’ ոչ: Եվ եկեղեցու երեկվա բացումը կամա թե ակամա մեկնաբանվում է այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Բայց խոսքը այդ քաղաքի կենտրոնում աոաջին եկեղեցու մասին է’ այն պիտի՞ կառուցվեր, թե՞ ոչ: Երբ որևէ գյուղում կա 10-րդ դարի կիսափլված մատուռ, և այդ գյուղի նախկին բնակիչը, որը հարստացել է Ռուսաստաններում, որոշում է իր ճաշակով նոր եկեղեցի կառուցել, դա, անշուշտ, խոսում է նրա անհիմն փառամոլության մասին: Բայց Աբովյանը քաղաք է դարձել 1960-ականներին, և Սուրբ Հովհաննես Մկրտչի անհրաժեշտությունն այնտեղ կար: 20 տարի հետո ոչ ոք չի հիշի այսօրվա քաղաքական կրքերի մասին, իսկ եկեղեցին կանգուն կմնա: Ես, օրինակ, շատ կուզեի, որ Զովանիում լիներ թեկուզ մի փոքրիկ մատուռ, որովհետև, կարծում եմ, Աստծո տունը այն տեղն է, որտեղ պետք է գնալ ոտքով: ԲՀԿ-ի’ ընդդիմություն չլինելու մասին: Դա ի՞նչ մի սենսացիա է: Որևէ ԲՀԿ-ական ա՞յլ բան է ասել: (Վարդան Օսկանյանը միայն նման ցանկություն է հայտնել): Ուրիշ հարց, որ որոշ ընդդիմադիրներ այդ կուսակցության հետ ինչ-որ հույսեր են կապել’ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» և «օլիգարխիայից պոկվելու» առումով, բայց այդ ընդդիմադիրները հո չեն խոստովանի, որ սխալվում էին: Իսկ որ իշխանության մի մասը, ինչ-ինչ շահերից ելնելով, քննադատում է իշխանության մյուս մասին, դա նորմալ է’միատարր իշխանություն ոչ մեկին պետբ չէ:Վերջապես, բացօթյա հյուրասիրության սեղանների վրա ժողովրդի «հարձակման» մասին: Ինչ խոսք, այդ կադրերը, մեղմ ասած, գեղագիտական հաճույք չեն պատճառում: Գիտեմ, որ շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց ողբալու առիթ այստեղ չկա: Առավել ևս’ մեր ժողովրդի «խայտառակությունը» փաստելու: Ընթերցողներից շատերը, հավանաբար, ականատես են եղել, թե ինչ է կատարվում լուսավոր Արևմուտքում, երբ խանութներում զեղչերի օրեր են հայտարարվում: Արևմտյան քաղաքների բնակիչները գրոհում են առևտրի կետերը ավելի մեծ եռանդով, քան աբովյանցիները’ուտելիքով սեղանները: Այդպիսի մի ռեպորտաժ կար «Առավոտում»՝ Լոնդոնում, այսպես կոչված, boxing ժay-ի’ ամանորյա զեղչերի օրվա մասին [http://www.aravot.am/2011 /1 2/27/22357/]: Որևէ մեկը կարո՞դ է պնդել, որ Բրիտանիայի մայրա-քաղաքի բնակիչները սոված են, սոցիալապես անապահով, կամ որ վարչապետ Դևիդ Քեմերոնը նրանց թայանում է և հասցրել է այդ վիճակի:
Մեր ժողովուրդը մնացածներից ոչ լավն է, ոչ էլ վատը, սովորական ժողովուրդ է’ բոլորի նման: Ուտելիքի վրա «զանգվածային գրոհի» մեջ ոչ մի ազգային առանձնահատկություն չկա’ ձրի բարիքների նկատմամբ ամբոխի սովորական ձգտումն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում