ԲՀԿ պատգամավորը՝ որդու վրա հարձակման մասին

Երեկ «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանից՝ 19-ամյա որդու վրա հարձակման գործից ի՞նչ նորություն կա: «Ցավոք սրտի, դեռ ոչ մի նորություն չկա»,- ասել է պատգամավորը: Նա կասկածներ, ենթադրություններ ունի, բայց դա համարում է ոչ էֆեկտիվ ու ոչ հեռանկարային: Դրա համար էլ սպասում են քննչական գործողությունների ավարտին: «Ես հույս ունեմ, որ կպարզվի, քանի որ այսօր, այս ժամանակակից տեխնիկայի դարում, չի կարող նման դեպքը չբացահայտվել: Կատարողները եղել են մի քանի հոգի, և անպայման նրանց ճանաչող կլինի»,- ասել է Ախոյանը:
  Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ դիմակավորված անձինք հարձակվել էին Ախոյանի որդու վրա, էլեկտրաշոկ կիրառել և նրա մոտից հափշտակել բջջային հեռախոսն ու բնակարանի բանալիները: Դեպքից հետո մամուլում գրվեց, որ հնարավոր է՝ բանալիները գողացել են, որպեսզի մուտք գործեն Ախոյանի բնակարան, քանի որ պատգամավորը թանկարժեք իրերի, բացառիկ նկարների եզակի հավաքածու ունի:

Ախոյանը, սակայն, թերթի հետ զրույցում ասել է, որ դա կարող է վարկած լինել, բայց ինքը տանը ոչինչ չի պահում: «Ես տանը ոչ մի թանկարժեք իր չունեմ: Ես ունեմ թանգարան և արժեքավոր իրեր, որոնք պահպանում եմ գրասենյակում, ցուցասրահում, որը պահպանվում է նաև պահակախմբի կողմից: Տանը ես ոչ մի թանկարժեք բան չունեմ, չեմ պահում»

Հետևեք մեզ նաև Telegram-ում