Զինծառայությունը զինծառայողի ծնողի համար սոցիալական նոր ծանրաբեռնվածություն չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Զինծառայությունը զինծառայողի ծնողի համար սոցիալական նոր ծանրաբեռնվածություն չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Կենտրոնական հավաքակայան, որտեղից նորակոչիկները զորակոչվում են բանակ: Վարչապետը մոտեցավ նորակոչիկներին և հետաքրքրվեց՝ որտեղից են և ինչ խնդիրներ ունեն: Նա նրանցից մեկից հետաքրքրվեց, թե ինչու է ակնոց կրում, ով պատասխանեց, թե տեսողական խնդիր ունի, բայց այնչափ չէ, որ ծառայության չմեկնի:

Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ զգացողությամբ է որդուն բանակ ճանապարհում, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ «հպարտությամբ»: Դիտարկմանը, թե նախկինում որևէ պաշտոնյայի որդի բանակ չէր գնում, Փաշինյանը չհամաձայնեց. «Չէի ասի, որ նախկինում ոչ մի պաշտոնյայի որդու բանակ չեն տարել: Համենայն դեպս, մենք այդ ինֆորմացիայի ստուգման փուլում ենք, կտեսնենք, չեմ ուզում այս պահին որևէ պաշտոնական պնդում անել»,-ասաց նա:

 Անդրադառնալով այն հարցին, որ որդին ինքնակամ գնում է Արցախ՝ ծառայության, արդյոք իրեն չի՞ մտահոգում այդ հանգամանքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ ավել, քան մեր բանակի մյուս զինվորների հետ ունեցած մտահոգությունը, դրանից ոչ ավել, ոչ պակաս և այդ առումով ես ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»,-ասաց նա:

 Ի՞նչ խորհուրդ է տվել որդուն բանակ ճանապարհելիս, որին որդին պատասխանել է՝ խիստ անձնական է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նույնը նաև իր համար է՝ խիստ անձնական:

Խոսելով իր կոչի մասին, որ զինվորներին հագուստ, հիգիենայի և այլ պարագաներ չուղարկեն ծնողները՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Կան զորամասեր, որտեղից տեղեկություններ ենք ստանում, թե շտկվել է իրավիճակը, շատ լավ է, կան զորամասեր էլ, որ ահազանգում են՝ ամեն ինչ այդքան էլ լավ չէ, այդ նամակների տեղեկությունների հիման վրա աշխատում ենք լուծել այդ խնդիրը»,-ասաց նա:

Ըստ վարչապետի՝ համազգեստի հետ կապված միշտ էլ փոփոխություններ կատարվում են, խնդիր է դրվում միշտ որակը լավացնել:

«Այն պարագաները, որի ապահովումը դրված է պետության վրա, լիարժեք պետք է տրամադրվի, դա չի նշանակում, որ ծնողը գնում է երեխային տեսակցելու, չի կարող իր հետ միս տանել, թույլտվություն վերցնել, խորոված անել կամ մի կտոր քաղցրավենիք տանել:

Ամեն ինչ պետք է դիտարկել տրամաբանության սահմաններում, խոսքը նրա մասին է, որ զինծառայողի ծնողի համար սոցիալական նոր ծանրաբեռնվածություն չլինի»,-ասաց նա:

Ճեպազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարարը Կենտրոնական հավաքակայանի ճաշարանում ճաշեցին նորակոչիկների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում