«Մենք վստահ ենք, որ այս համերգը կբարձրացնի Տաթևի ճանաչելիությունը»

«Մենք վստահ ենք, որ այս համերգը կբարձրացնի Տաթևի ճանաչելիությունը»

«Չնայած Տաթևի երգչախմբի երգացանկը տարբերվում է ֆրանսիական երգչախմբի երգացանկից, այնուամենայնիվ մեզ հաջողվեց շփման և մշակութային հաղորդակցության կամուրջ ստեղծել հայ և ֆրանսիացի երեխաների միջև»,- հուլիսի 6-ին Տաթևի վանքում «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերայից հետո ասել է երաժշտության հեղինակ ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը։

Նա վստահություն է հայտնել, որ սա անմոռանալի փորձառություն է թե՛ Տաթևի երեխաների, թե՛ ֆրանսիացի պատանիների համար»։

IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ստեղծագործությունը կատարել են Ռոլան Հայրապետյանի ղեկավարած Musicatreize անսամբլը, Ֆրանսիայի ռադիոյի պատանեկան երգչախումբն ու Տաթևի վանքի մանկական երգչախումբը։

Բացօթյա պրեմիերային ներկա են եղել Տաթևի և հարակից համայնքների բնակիչներ, զբոսաշրջիկներ, որոնք շուրջ մեկ ժամ վայելել են Տաթևի սաների ու ֆրանսիացի երաժիշտների համատեղ ելույթը։

IDeA հիմնադրամն ու «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամը համերգային այցը կազմակերպել են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովին ընդառաջ:

«IDeA հիմնադրամը հպարտ է համագործակցել Ֆրանսիայի ռադիոյի պատանեկան երգչախմբի և Մարսելի Musicatreize անսամբլի հետ և հյուրընկալել «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան Տաթևում։ Մենք վստահ ենք, որ այս համերգը կբարձրացնի Տաթևի ճանաչելիությունը ֆրանսիացի միլիոնավոր ունկնդիրների շրջանում և կնպաստի, որպեսզի ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ Ֆրանսիայից և ֆրանսախոս երկրներից այցելեն այս պատմական վայրը։ Չափազանց կարևոր է, որ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում ստեղծված Տաթևի մանկական երգչախումբը հանդես է գալիս աշխարհում ճանաչված երգչախմբի հետ։ Վստահաբար կարելի է ասել, որ սա Տաթևի երեխաների համար բացառիկ հնարավորություն է»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆի Պաղճեանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արշակի երգ»-ի ֆրանսիական պրեմիերան տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին Փարիզում՝ Ֆրանսիայի ռադիոյի մեծ համերգասրահում։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում