Փոխադարձ սիրո, պատասխանատվության ու նվիրվածության վրա հիմնված ընտանիքը եղել ու մնում է հասարակության հիմքը

Ընտանիքի օր: Կարևոր օր հայ օջախների համար, քանի որ հենց ընտանիքից է սկիզբ առնում հասրակությանը և հայրենիքին պիտանի զավակները: Այօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այդ առիթով շնորհավորական նամակ հղեց մեզ՝ բոլորիս, որտեղ գրված է. «Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարատևման ամենամեծ գրավականը ընտանիքի հանդեպ ունեցած մեր անսահման սերն ու նվիրումն է: Եվ իրոք, հայերիս համար ընտանիքը, որ շատ հաճախ օջախ ենք անվանում, այն հնարավոր սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայրն է, որից սկիզբ առնելով ու այդ ջերմության մեջ դաստիարակվելով, մեր ստացածը խնամքով պահպանում ու փոխանցում ենք մեր հաջորդ սերնդին»:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, ընտանիքի օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը ասել է. «Առողջ է կինը, առողջ է ընտանիքը, ուրեմն առողջ է հասարակությունը: Մենք գիտենք, եթե ընտանիքում մայրը հիվանդ է, ուրեմն ընտանիքը հիվանդ է: Դրա համար մենք ուզում ենք ունենանլ առողջ մայրիկներ, որպեսզի ընտանիքը առողջ լինի, մանուկները’ երջանիկ»:

Իսկ երջանիկ ընտանիք ստեղծելու համար անհրաժեշտ է սեր և փոխադարձ հարգանք: Armenpress.am-հաղորդմամաբ’ Տեր Եսայի քահանա Արթենյանը նկատում է, որ այսօր Հայաստանում հաճախ գրանցվում են ամուսնություններ, երբ զույգերն ամուսնանում են միայն ամուսնացած կարգավիճակ ձեռք բերելու համար’ անտեսելով համատեղելի, ներդաշնակ ընտանիք կազմելու անհրաժեշտությունը:

Տեր Եսային նաև ավելացրել է. «Շատ զույգեր մեզ դիմում են ամուսնալուծության շեմին կանգնած: Մենք օգնում ենք նրանց հաղթահարել կոնֆլիկտը, ընտրել ճիշտ ուղին համատեղ կյանքը շարունակելու համար»:

Իսկ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն էլ նշել է, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվն ավելացել է: Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4591ամուսնություն, ամուսնալուծվել է 897 ամուսնական զույգ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնությունների թիվը 4668 էր, ամուսնալուծություններինը’ 779:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ընտանիքի օրվա կապակցությամբ, իր շնորհավորական ուղերձում նշել է. «Փոխադարձ սիրո, պատասխանատվության ու նվիրվածության վրա հիմնված ընտանիքը եղել ու մնում է հասարակության հիմքը, հոգեւոր ու բարոյական արժեքների, ազգային ու մշակութային ավանդույթների պահապանը: Ամուր եւ բարեկեցիկ ընտանիքը հուսալի ապագայի երաշխիք է երկրի ու ազգի համար»:

Եվ ինչպես նշել էր իր շնորհավորական ուղերձում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. «Սիրենք ու պաշտպանեք մեր ընտանիքները ու թո՛ղ, որ բոլոր հայ օջախներում հավերժ թևածի ուրախությունն ու խաղաղությունը, ու թո՛ղ, որ ամեն հայ օջախ իրապես սեղան նստի յոթ որդիներով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում