Նոր ԸՕ քննարկմանը ՀՀԿ 6 առաջարկներից 4-ը ընդունվեցին քաղաքական ուժերի համաձայնությամբ, 2-ը՝ վերապահմամբ (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների արդյունքում ՀՀԿ-ի ներկայացրած 6 առաջարկներից 4-ը ընդունվեցին քաղաքական ուժերի համաձայնությամբ, 2-ը՝ վերապահմամբ: Առաջարկներից որևէ մեկը չմերժվեց:
Պարտավորները հավանության արժանացրին այդ թվում այն առաջարկները, որոնք տեխնիկապես իրականացնելու վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան՝ պայմանավորվելով, որ դրանք չեն ընդգրկվի Ընտրական օրենսգրքում, եթե կառավարությունն ասի, որ հնարավոր չէ կյանքի կոչել:
ՀՀԿ 1-ին առաջարկը վերաբերում է քվեարկության ավարտից հետո ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքում առկա տվյալները համադրմանը և անհամապատասխանության դեպքում ուսումնասիրմանը:
Առաջարկի ներդրմանը կողմ էր միայն ՀՀԿ-ն: «Երբ քննարկում էինք, բոլորն ասում էին՝ այո, տեսնենք տեխնիկապես հնարավոր է, թե ոչ»,- ասաց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պատրանքների ճանապարհով գնալ չեն ուզում և իսկապես կողմ են առաջարկին, եթե այն տեխնիկապես հնարավոր է: Դավիթ Հարությունյանը հորդորեց ներկայացնել փաստարկ, թե ինչու տեխնիկապես հնարավոր չէ համեմատել առկա տվյալները: Բանավեճի արդյունքում ի վերջո Դավիթ Հարությունյանը համոզեց «Ծառուկյան» խմբակցությանն ասել «այո» առաջարկին:
«Բրավո, պարո՛ն Հարությունյան, լավ կարողանում եք համոզել: Այս հարցում կա կոնսենսուս»,- նկատեց ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
2-րդ առաջարկը վերաբերում է կրկնաքվեարկությունների բացառմանը, որը կկատարվի տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումը միայն նույնականացման քարտերի միջոցով կատարելու պարագայում:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գաղափարը փայլուն է, բայց արտահերթ ընտրությունների ժամկետները սեղմ են և առաջարկը հնարավոր չէ իրականացնել ժամկետների պայմաններում: «Եկեք գրենք՝ «հնարավոր է», սպասենք կառավարության պատասխանին»,- ասաց Ռուստամյանը:
ՀՀԿ 3-րդ առաջարկն էլ «հնարավոր է» կոնսենսուսով ընդունվեց:
ՀՀԿ 4-րդ առաջարկը՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ նախատեսել քվեաթերթիկների լրացուցիչ տպաքանակներ, որոնք մշտապես պետք է գտնվեն խցիկում, ընդունվեց առանց առարկության:
5-րդ առաջարկը, որը վերաբերում է ընտրատեղամասերից քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման ընթացքի տեսանկարահանմանը և դրանց հեռարձակմանը հատուկ կայքերում, ևս ընդունվեց միաձայն:
6-րդ առաջարկը՝ բացի ընտրողների գրանցումից նախատեսել նաև քվեարկության իրականացումը սարքերի միջոցով՝ ապահովելով քվեաթերթիկ տպելը, ընդունվեց վերապահմամբ, որովհետև պատգամավորներն ասացին, որ իրենք կողմ են, եթե տեխնիկապես հնարավոր է մեկ տարում լուծել սա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դժգոհություն հայտնեց, ասաց, որ բոլոր առաջարկներն էլ հնարավոր է իրականացնել, բայց կան ժամկետներ և դրանք պետք է դիտարկել ժամկետներում տեղավորվելու համատեքստում:
«Մենք չենք գրի ԸՕ-ում մի բան, որը տեխնիկապես եթե հնարավոր չլինի լուծել, չենք
ներառի»,- ասաց Արմեն Ռուստամյանը: