Զարմացնում է նոր իրողության պայմաններում մշնախի, ոստիկանության ու քաղշինի անօգնական և անլծակ վիճակը. ճարտարապետ
Նմանատիպ
Օրեր առաջ Panorama.am-ն անդրադարձել էր Աբովյան 32 շենք բնակիչների ահազանգին. առանց բնակիչների համաձայնության առաջին հարկի բնակիչներից մեկը ցանկանում է պատը քանդել ու առանձին մուտք բացել։ Շենքն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։
Այդ ժամանակ նոր-նոր էին սկսել պատը քանդել, բնակիչները ոստիկաններ էին կանչել, կարողացել էին կանխել։ Այսօր արդեն պատի գրեթե կեսը քանդված է։
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս շենքը Երևանի կարևորագույն հուշարձաններից է, բայց թանգարանային մեռած նմուշ չէ։ Այս շենքը կառուցել է մեծ ճարտարապետ Սամվել Սաֆարյանը, ֆինանսավորել է Նուբար-փաշան, կառուցվել է հատուկ արվեստագետների և գիտնականների համար, և մինչ այսօր շենքը կենդանի է, քանի որ այստեղ ապրում են մշակույթի մեր մեծ գործիչների ժառանգները, որոնք պահում են նաև այդ մարդկանց հետ կապված հիշողությունը։ Եթե հետաքրքիր է, գնացեք և տեսեք հուշատախտակների քանակը և դիմացի խոտերում տեղադրված կոթողները, որ պատկերացնեք ինչ մարդիկ են ապրել և ստեղծագործել այս շենքում։ Իհարկե, վերջին տասնամյակներում հարևանների կազմը փոխվել է, տնտեսական պատճառներով հայտնվել են պատահական, տգետ ու անհասկացող սեփականատերեր, որոնց համար կա մի արժեք՝ քառակուսի մետր, և անձնական շահի պատճառով շենքը շատ է տուժել, ներքին տարածքներում, գեղեցիկ ինքնատիպ մուտքերում աճել են տարատեսակ չարորակ ուռուցքներ, կցակառույցներ, ինչ սպի ու վերք ասես կա ճակատին։ Սակայն համոզված եմ, մի փոքր ֆինանսական աջակցության դեպքում հնարավոր էր շենքը բերել քիչ թե շատ նախնական տեսքի և դարձնել քաղաքի օրինակելի անկյուններից մեկը, ենթադրելով, որ այս օրինակով կվերանորոգվեն նաև մնացած արժեքավոր շենքերը։
Բայց արի ու տես, օրը ցերեկով, հակառակ հարևաների կամքին, ինչ-որ զորբաներ փոխանակ ունքը դզեն, դրել են աչքն են հանել, այլանդակելով շենքի առանց այդ էլ վիրավոր ճակատը։ Այն պարագայում, երբ հարևանները դատարան են դիմել, որպեսզի պարզեն՝ ինչպես է կառուցապատողը հաջողացրել ստանալ շինթույլտվությունը քաղաքապետարանից (կրկնում եմ, առանց հարևանների համաձայնության), և ինչպես է Մշնախը մեկ տարի առաջ թույլ տվել աղավաղել հուշարձանների ցանկում ամրագրված կառույցը։ Առնվազն մինչև դատարանի որոշումը շինարարությունը պետք է դադարոցվեր։ Եվ զարմացնում է նոր իրողության պայմաններում Մշնախի, ոստիկանության ու քաղշին վարչության անօգնական և անլծակ վիճակը։ Պետք է օր առաջ օրենսդրական փոփոխություններ անել, որպեսզի հնարավոր լինի անհապաղ ստուգել բոլոր նման դեպքերի նախկինում տրված փաստաթղթերի հիմնավորումները և որոշումները չեղարկելու մեխանիզմներ, հնարավոր է, կառուցապատողի նյութական վնասները դատարանով դրվեն որոշում ապօրինի կայացրած չինովնիկների վրա։
Իհարկե, գլոբալ խնդիրը ո՛չ իշխանությունն է, ո՛չ օրենքը, այլ քաղաքի բնակիչների զուտ բնակիչ և ոչ քաղաքացի լինելն է, ես չեմ հավատում, որ քաղաքի մարդը, իմանալով այս շենքի պատմությունը, կարող էր նման բան անել, բացատրելու կարիք չկա, եթե մեկը չի հասկանում, ժառանգությունը ապագա, հուսով եմ, ավելի հասկացող սերունդներին հասցնելու համար մնում են ուժային մեթոդներ»։
Մշակույթի փոխնախարարը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մշակույթի նախարությանը դադարեցրել է շինարարությունը մինչև պարզաբանվի թույլտվության օրինականությունը»:
Հետաքրքիր է՝ ինչ կա ստուգելու, օրենքը միարժեք է՝ շենքը, որ պահպանվում է, չպիտի ենթարկվի փոփոխության:
Հուսանք՝ բանը միայն տուգանքով չի վերջանա, ինչպես Փակ շուկայի դեպքում:
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում