Մշակույթի նախարարությունը դեռ չի հասկանում ինչ է «պահպանելը»
Նմանատիպ
Քանի օր ճարտարապետներ, քաղաքացիներ՝ հանրությունը, բողոք հայտնեցին Աբովյան 32 հասցեում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված նախկին արվեստագետների շենքում դուռ բացելու դեմ։
Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը իր վրա վերցրեց մշակույթի նախարարության կողմից պատասխանելու դերը և ֆեյսբուքյան էջում (ոչ որպես հաղորդագրություն) փորձեց մեկնաբանել դեպքը. «Հուշարձանների աղավաղմամբ մտահոգ սիրելի քաղաքացիներ, կիսելով ձեր մտահոգությունը՝ փորձեմ մեկնաբանել, թե ի՞նչ է տեղի ունեցել, դեռևս 1 տարի առաջ Աբովյան 32 հասցեում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված նախկին արվեստագետների շենքում մշակույթի նախարարությունը դուռ բացելու համար դրական եզրակացություն է տվել, ցավոք միակ բանը որ կարող ենք անել՝ ստուգել եզրակացություն տալու օրինական ընթացակարգը և կատարվող աշխատանքները ինչքանով են համապատասխանում եզրակացություն ստացած նախագծին:
թարմացում. մշակույթի նախարությանը դադարեցրել է շինարարությունը մինչև պարզաբանվի թույլտվության օրինականությունը»:
Այս գրության տակ հարցը, թե՝ այդ որ օրենքի որ հոդվածով է որոշվելու ցանկում ընդգրկված շենքի փոփոխությունը, մնաց անպատասխան։
Ու դա միանգամայն սպասելի է՝ չկա նման օրենք։
Ավելին՝ Կառավարությունը ընդունել է ծրագիր, որը կոչվում է «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, վերականգնման և օգտագործման աշխատանքների բարելավման»։
Չկա ոչ փոփոխություն, ոչ ձևափոխում, ոչ դուռ բացել, ոչ այլասերում։ Ինչ նախագծի մասին է խոսքը։ Ասենք ու ինչ-որ նախագիծ կա. և ի՞նչ։
Կարելի էր մտածել, որ նոր կառավարության նոր մշակութի նախարարությունը ունակ է հեղափոխություն մտցնել ոլորտում՝ հետևել օրինականությանը, ու ըստ այդմ՝ անվավեր ու անօրինական ճանաչել բոլոր՝ հուշարձանների պահպանության ցուցակում տեղ գտած շենքերի փոփոխության որոշումները։ Այսպիսով մշնախը կարող էր ոչ միայն հետագա անօրինականությունների դեմն առնել, այլև՝ պատասխանատվության կանչել նախկին քաղաքապետին, մշակույթի նախարարներին ու այլ պատասխանատուների։
Բայց այն, որ նախարարությունը պատրաստվում է «պարզաբանել թույլտվության օրինականությունը», խոսում է երկու բանի մասին՝ կամ նախարարությունը չգիտե, որ ցանկացած փոփոխություն անթույլատրելի է (ինչը պահպանվող շենքը չպահպանվողից տարբերելու «ձևերից» մեկն է միայն) ու նախարարությունը դեռ չի կարդացել իր ոլորտին վերաբերող օրենքները, կամ՝ հեղափոխությունը անձերի հարց էր, ոչ թե՝ գործելաոճի։
Կամ՝ երկուսն էլ միասին։
Կարելի է իհարկե Գյումրիում թանգարան բացել, նոր շենքեր մտցնել հուշարձանների ցուցակի մեջ (ընդ որում՝ հնարավոր է նույն հանձնաժողովով, որ որոշում էր ընդունել դրանց քանդման մասին),… սակայն դրանք ընդամենը նորմալ աշխատանքի մի՝ չնչին մասն են միայն։ Չի կարելի երկրի մշակույթի ամբողջական քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն փորձել ընդամենը կարկատան-կարկատան հաճոյանալ։
Հասկանալի է՝ նոր կառավարությունը կարիք ունի փող ունեցող գործարարների աջակցության։ Սակայն եթե դա արվելու է օրենքի խախտմամբ՝ ո՞րն է հնի ու նորի տարբերությունը։
Անահիտ Ոսկանյան
Աղբյուր՝ Panorama.am: