Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղ, ծանոթացել է սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ եւ այնտեղ ծանոթացել սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին: Այս մասին տեղեկացնում եմ Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվական Գլխավոր Վարչությունից:

Կովսական քաղաքում Սահակյանը հանդիպել է բնակիչների հետ եւ զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ’ նշելով, որ ենթաշրջանի առջեւ ծառացած խնդիրներն ու դրանց լուծումը մշտապես կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Այնուհետեւ Նախագահ Սահակյանն այցելել է Թոնդիրգետի ոսկու հանքավայր եւ ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Երկրի ղեկավարն ընդգծել է լեռնահանքարդյունաբերական այս գործարանի նշանակությունը Քաշաթաղի շրջանի եւ ամբողջ հանրապետության կյանքում’ նշելով, որ այն կլուծի միաժամանակ եւ սոցիալ-տնտեսական, եւ ժողովրդագրական մի շարք խնդիրներ:

Նույն օրը Նախագահն այցելել է նաեւ «Հադրութի ագրոտնտեսություն» ՓԲԸ-ի Արաքսի մասնաճյուղ եւ ծանոթացել կառույցի աշխատանքներին: Նախագահը նշել է, որ նման ենթակառուցվածքի առկայությունն Արաքսի հովտում կնպաստի գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող այս տարածքի զարգացմանը, ինչը նաեւ շոշափելի դերակատարություն կունենա հանրապետության ողջ ագրոարդյունաբերական համալիրի առաջընթացի ապահովման գործում:

Բակո Սահակյանն այցելել է նաեւ հանրապետության հարավում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկը եւ ծանոթացել նոր զորանոցի շենքի պայմաններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում