Բաց նամակ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Ամիրյան փողոցի նախկին բնակիչները բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակը ներկայացնում ենք ստերև.

ՀՀ Նախագահ
Պարոն Ս.Սարգսյանին
ք.Երևան, փ. Ամիրյան 4/14, 4/16, 4/18,
4/20,4/22,4/24 նախկին
բնակիչներից

Բաց նամակ

Մեծարգո Պարոն Նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ-ին ստիպված էինք (այլ առաջարկ՝ բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր բնակարանները։ Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը(Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2), սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել։

2009 թ. ՀՀ կառավարությունը 3 (երեք) մլն. դոլար տրամադրեց Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար։ Ինչ եղավ այդ գումարը, հանելուկ է, փաստը այն է, որ շինարարությունը առայսօր չի ավարտվել։ Իմիջայլոց, դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2-3 տարում չի էլ ավարտվի։ Դատելով ամեն ինչից 2009թ. ՀՀ կառավարության կողմից Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար տրամադրված 3 (երեք) մլն. դոլարի անհետացման և շինարարության վերջնաժամկետը վեց տարով խախտելու հարցը ՀՀ ոչ մի պետական մարմնի չի հետաքրքրում։ ՀՀ կառավարության սխալի համար հիմա պետք է վարձահատույց լինենք մենք’ ՀՀ և արտերկրի քաղաքացիներս:

2011–2012 թ.թ. Ֆինանսների նախարարության հետ բանակցությունների հետևանքով մենք կնքեցինք Հաշտության պայմանագրեր, որոնցով ստիպված էինք հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած վնասների և շինարարության ձգձգման տույժերից։ Փոխարենը ստիպված էինք պարտավորվել վճարել հողի հարկ, որը պարտավոր էր վճարել կառուցապատողը (Ըստ մեր ու կառուցապատողի միջև կնքված պայմանագրերի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, էջ 3):

Ֆինանսների նախարարությունը խոստացավ, որ շենքի շինարարությունը կավարտվի երեք ամսվա ընթացքում: Անցել է երկու տարի, սակայն շենքի շինարարությունը չի ավարտվել ու մոտակա մի քանի տարիներին չի էլ ավարտվի և մենք շարունակում ենք վարձով ապրել: Բացի դրանից չեն կատարվում Հաշտության պայմանագրի կետերը՝ արտաքին դռների ու լուսամուտների տեղադրում, պատերի շարում և այլն: Ստացվում է, որ ընդառաջելով մեր պետությանը և կնքելով Հաշտության պայմանագրերը, մենք քառակի ենք տուժում’ հրաժարվելով պայմանագրերով նախատեսված տույժերից, կառուցապատողի փոխարեն վճարելով հողի հարկը, տեղադրելով Հաշտության պայմանագրով նախատեսված, բայց չտեղադրված դռներն ու լուսամուտները, պատերի շարումը, և շարունակելով վճարել վարձակալած բնակարանների համար:

Մեզանից պետական կարիքների համար իրացված տների տեղում կառուցվող շենքում որոշ մարդիկ ծավալել են բիզնես գործունեություն (խանութներ, գրասենյակներ, հյուրանոց և այլն) և աշխատում են մեծ գումարներ, իսկ մեզ ֆինանսների նախարարությունում ասում են, որ շենքը ավարտական տեսքի բերելու և պետության կողմից մեր առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար գումար չկա: Ինչ է այդ մարդիկ անվճար են վերցրել այդ տարածքները:
2009 թ. ՀՀ կողմից շենքի վրա արգելանք դնելուց հետո, պետական հաշվեհամարներին կուտակվել էր 9 900 000 դոլարին համարժեք դրամ գումար: Նախկին կառուցապատող ՀՀ Ազգային ժողովի հանրապետական կուսակցության պատգամավոր Մելիք Գասպարյանի պարտքերը կազմում էին 5 550 000 դոլարին համարժեք դրամ: Ինչ է եղել մնացած 4 400 000 դոլարին համարժեք դրամ գումարը: Մի թե հնարավոր չեր այդ հսկայական գումարից մի քանի հարյուր հազար դոլարին համարժեք դրամ հատկացնել շենքի շինարարությունը վերջապես ավարտին հասցնելու համար:

Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ մեզ խաբել է և նույնիսկ շինարարության վերջնաժամկետը վեց տարի խախտելուց հետո էլ միտք չունի կատարելու մեր հանդեպ պայմանագրով իր վրա վերցրած պարտավորությունները:
Այս ամենը բերում է մեկ տրամաբանական եզրակացության, որ պետական պաշտոնյաները որոշ մարդկանց հետ միասին միտումնավոր ձգձգում են շինարարությունը, որպեսզի իրականացնեն իրենց անձնական ծրագրերը:
Մեծարգո Պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեզ հանձնարարել Ձեր վերահսկողական մարմնին հետևել, որպեսզի գոնե այդ մի քանի հարյուր հազար դոլարին համարժեք դրամը չփոշիանա և ծառայի իր նշանակությանը, այսինքն շենքի շինարարությունը ավարտին հասցնելուն:
Մեծարգո Պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեզ, որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, գլխավորել Սահմանադրական իրավունքի խախտման դեմ մեր պայքարը և գոնե 6 տարի ուշացումից հետո վերջապես ավարտին հասցվի այդ չարաբաստիկ շենքի շինարարությունը:

Հարգանքով փ. Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24 նախկին բնակիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում