Արամ Խաչատրյանին նվիրված համերգ՝ Մոնակոյի «Օպերա դե Մոնտե-Կարլո»-ում

Արամ Խաչատրյանին նվիրված համերգ՝ Մոնակոյի «Օպերա դե Մոնտե-Կարլո»-ում

Սեպտեմբերի 2-ին «Opéra de Monte-Carlo, Salle Garnier» համերգասրահում կայանալու է բարեգործական համերգ համաշխարհային օպերային երգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանի և միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մասնակցությամբ։

armeniancollection.com կայքից տեղեկանում ենք, որ համերգի կազմակերպիչն ու նախաձեռնողը BPA ընկերությունն է։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժիշտ Արամ Խաչատրյանի 115-ամյակը, ով եղել է առաջին հայը, որ համերգով հանդես է եկել Մոնակոյի «Օպերա դե Մոնտե-Կարլո»- ում 1974 թվականին, ուստի նպատակահարմար ենք գտնում հենց նույն համերգասրահում կազմակերպել Արամ Խաչատրյանին նվիրված համերգ: Ուրախ ենք տեղեկացնել, որ Արամ Խաչատրյանը ջերմ ընդունելության է արժանացել 1973 թվականին Մոնակոյի արքայազն Ռայներ Ռենե III-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի կողմից: Ինչպես նաև նրանց առաջարկով 1974 թվականին «Օպերա դե Մոնտե-Կարլո»-ում կազմակերպվել է Արամ Խաչատրյանի համերգը»,- նշված է armeniancollection.com կայքում։

Բարեգործական համերգը ուղղված է լինելու «Օգնեմ» և «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամներին աջակցելու նպատակով:

Նույն աղբյուրում նաև նշված է, որ BPA (Business Partners of Armenia) ընկերությունը, որը տարիներ շարունակ հանդես է եկել Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված տարբեր նախաձեռնություններով, այժմ հանդես է գալիս մի նոր մեծ նախաձեռնությամբ՝ «Armenian collection 2018 Monte-Carlo», որը միտված ակտիվացնելու Հայաստանի և Մոնակոյի միջև մշակութային և տնտեսական կապերը:

Ծրագիրն իր մեջ ներառում է նաև արվեստագետ, նկարիչ, ոսկերիչ, դիզայներ Նուռի երկու աշխատանքների ցուցադրություն, հայտնի հայ մոդելավորողների ցուցադրություն, ARARAT Լեգենդար Հայկական կոնյակների համտեսի արարողություն և այլ միջոցառումներ։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում