Հրդեհից Երևանի օդը չի աղտոտվել. Կառավարությունը կզբաղվի այդ հարցով
Նմանատիպ
Ինչպես հայտնել էր Times.am-ը` մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքներ իրականացնող կենտրոնից 2 փրկարարական ջոկատ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման 2 խումբ: Ընդհանուր առմամբ’ 110 հրշեջ-փրկարար և փրկարար։
Քիչ առաջ նրանց հաջողվեց մեկուսացնել հրդեհը:
Այսօր Կառավարության նիստում քննարկվեց նաև հրդեհված ընկերության հարցը: Այն, թե արդյո՞ք կառավարությունը կաջակցի ընկերությանը, և այն, թե արդյո՞ք հրդեհի հետևանքով առաջացած ծխից աղտոտվել է Երևանի օդը:
Այս առիթով Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարել է հանդիպել «Սպայկա» ընկերության ղեկավարության հետ:
«Մենք պատրավոր ենք միջամտել և սկսել աշխատանք «Սպայկա» ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն է ունենալու մթերումների վրա: Միգուցե մենք կարող ենք այլ արտադրական տարածքներ առաջարկել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես մթերումներն այդ տարածքներում կազմակերպի, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներին վնաս չպատճառի»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Ինչ վերաբերվում է օդի աղտոտվածությանը, ապա Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ իրենց ենթակայության տակ գտնվող ավտոմատ կայանները օդի աղտոտվածություն չեն արձանագրել:
Ըստ նրա՝ թեև հրդեհը լուրջ ծավալներ էր ընդունել՝ այրվել են պլաստիկե տարաներ և դյուրավառ նյութեր, սակայն անհանգստանալու կարիք չկա, այնուամենայնիվ նմուշառում է իրականցվել, որի արդյունքները կներկայացվեն կառավարություն:
Հիշեցնենք, որ այրված ընկերության մամուլի խոսնակ Կարեն Բաղդասարյանը հայտնել էր, որ «Սպայկա» ընկերության անձնակազմից որևէ մեկը չի տուժել, բայց ընկերության ենթակառուցվածքներին հրդեհի հետևանքով հասցվել է խոշոր վնաս:
Բաղդասարյանի խոսքով այրվել են ընկերության հիմնական պահեստները, սառնարանային համալիրը:
Աստղիկ Սահակյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում