Հայկուհու պարը
Նմանատիպ
Մոտիկ ծառի սեղմ փչակը կանացի ամոթույքի էր նման։ Ծառը ցանկանում է։ Թեև, ինչու՞ ոչ։ Ի՞նչ իմանաս` մարմնական կյանքում բավարարում չստացած մեկի հոգին չէ՞, որ ծվարել է ծառի մեջ ու իր անհագուրդ կրքի կարոտով ներսից փչակել բնափայտը։
Իսկ դիմացի սարալանջի ծառերը հեռվում չեն զատվում միմյանցից, գունային բծեր են` կանաչ, դեղնականաչ, դեղին, դեղնակարմիր… Նաև` ներս ընկած գորշավուն բծեր հատած ծառերի տեղերում։ Լանջի մեջտեղով, վարից վեր անցնող խոր փլուզվածք կա` կապտասև մեծ ճաք` կարմրաշեկ քարակույտերով շուրթված,- սարն է՞լ է ցանկանում,- ճաքից ոչ հեռու` տապալված հոսանքակիր աշտարակ, որը թեք ընկած վիթխարի սև ագռավ է հիշեցնում։
Ապա` դարձյալ կանաչ, դեղնականաչ, նաև գորշավուն բծեր։ Ցածում գետի պողպատագույն ժապավենն է, գետափի դարավանդին` եկեղեցի, որն իր հավաք գծագրով կտրատում է լանջի գունագեղ պատկերը. վարդագույն պատեր, վերձիգ գմբեթ, կամարաձև շքամուտք, դեպի խճուղին իջնող արահետ… Վերջ, կտավին այսքանը բավական է։ Գորշավուն բծերին կարելի է գույն տալ, տապալված աշտարակը կարելի է չպատկերել, կարելի է չտեսնել նաև ասֆալտապատ խճուղին։ Կարելի է։ Իսկ եկեղեցին, օ՜, եկեղեցին… Առավոտյան ստվերն այս կողմում է, կեսօրից հետո` այն, առավոտյան նկարես` ուրիշ է, ցերեկով` ուրիշ, երեկոյան` ուրիշ, գիշերով` ուրիշ ու ուրիշ, երբ էլ նկարես` ուրիշ է, մինչև վրձինը տանես-բերես` արդեն ուրիշ է եկեղեցին, օ՜, եկեղեցին…
Թքած։ Ինչու՞ նկարես` ուրիշ լինի, թե չլինի ուրիշ, ի՞նչ նոր բան է ասելու նա առավոտյան, ցերեկով, երեկոյան կամ հենց թեկուզ գիշերով։ Ինքնախաբեություն, անխորհուրդ, անպտուղ վարժանք, ձեռնահարություն։ Տաղտուկ։
Զզվանքով նետած վրձին, ոտքով կոպտորեն հրած նկարակալ, մեջքի տակ ճմրթվող խոտ, աչքերն արևից պատվարած կոպեր, որոնք անմիջապես վեր են ածվում էկրանի` վառ կանաչ, վարդագույն, կարմիր, սև բծիկների կերպափոխիկ խաղերի համար։ Գույներ, գույներ, գույներ… Պրծում չկա նույնիսկ փակ աչքերով։ Ձայներն էլ գույներ են` սաղարթների խշշոցը` դեղնականաչ, ծառաբնի ճռռոցը` գորշ կամ շագանակագույն, առվակի քչքչոցը` երկաթագույն, մեղվի բզզոցը` դեղին-սև, հեռու թփերի խշրտոցը…
Հեռու թփերի խշրտոցը դեռ անգույն է… Ի՞նչ կենդանի է… Միայն թե շատ մեծ ու ագրեսիվ չլինի։ Արդեն մոտակա խոտերն է խշրտացնում… Շուն է։ Մեծ է, բայց ագրեսիվ չի կարծես։
Ինչ-որ բան է փնտրում։ Բերեց։ Վրձինն է։ Խելացի շուն։ Բայց ո՞վ խնդրեց, ինչու՞ ես մռութդ խոթում քեզ չվերաբերող գործերի մեջ։
– Բա՛, – լսվեց ետևից, – էսպես խելոք շուն ա մեր Չալոն։ – Փոքրամարմին ծերուկն ասես մեծ սունկ լինի` բորբոսապատ կոճղին հենց նոր բուսած։- Մեր եկեղեցին ե՞ս նկարում։- Նա հանեց ծառայողական մեծ գլխարկը, քորեց ալեխառը խիտ մազերով գլուխը, գլխարկը վերստին տեղը դրեց, բայց սնկի հետ զուգորդումն անդարձորեն կորած էր արդեն։
Շունը մոտեցել` ջինսի փողքն էր հոտոտում:
– Չի կծի՞։
– Չէ, մի՛ վախի։ Էս ի՞նչ ա, արդեն հավաքվում ե՞ս։
– Հա։
– Մի կարգին նկարեիր, էլի, թե չէ էս խառը-խշտիկ գծերով մեր եկեղեցին կճանաչվի՞։
– Ուշ է, վաղը կգամ, կամ էլ` չեմ գա։
– Մտքով կնկարե՞ս։
– Հա, մտքով։
– Չէ, մի ալարի, արի ու մի կարգին նկարի։ Նկարիչ շատ ա գալի մեր կողմերը, բայց քեզ հեչ չեմ տեսել։
– Ես էլ քեզ չեմ տեսել։
– Դե որ ես քեզ չեմ տեսել, դու ինձ ո՞նց կտեսնես։ Լսի, մեկ էլ ու՞ր գնաս-հասնես քաղաք, արի էսօր ինձ մոտ մնա, առավոտ կգաս` գործդ կանես, հը՞։ Առավոտվա լույսերի մեջ գի-տե՞ս ոնց ա պլպլում, ինչ գույներ ա խաղացնում անտերը… Վայ, մեղա քեզ, Տեր, մեղա, մարդուս լեզվից միամիտ ինչ ասես չի թռնի, մեղա։
– Մեծ մեղք էր, մեղա ասելով վայ թե չպրծնես։
– Ինչի՞, Աստված չգիտի՞, որ միամիտ ասված խոսք էր ու էն էլ էլի սիրով էր ասված, մեռնեմ
Աստծուս զորությանը, նա ամեն բան գիտի ու հասկանում ա։
– Ուրեմն փրկված ես։
– Բա ոնց։ Հիմա ինչ ես ասում, գալիս ե՞ս։ Լավ արաղ ունեմ` տանձի, լավ պանիր` ոչխարի…
– Հեռու՞ է։
– Չէ։ Էն բլրի թարս փեշին ա, հանգիստ գնալով` կես ժամ։ Գնացի՞նք։- Ծերուկը ոտքի ելավ. անտառապահի հնամաշ համազգեստը մեծ էր վրան։
Կողք-կողքի քայլող շան և տիրոջ քայլվածքները նման էին։ Զուր չեն ասում, որ շներն ի վերջո նմանվում են իրենց տերերին։ Հնարավոր է` որ ամենևին էլ այդպես չէ։ Սակայն այս երկուսը հաստատ նման էին իրար։ Զգաստացան, ինչ-որ բան զգացին։ Թխկ, թխկ` թխկացրին սապոգները, թփ, թփ, թփ, թփ` թփթփացրին թաթերը` արահետից դուրս, թփերի հետևում` թխկ-թխկ, թփ-թփ-թփ-թփ։ Շունը նորից արահետ եկավ, այս ու այն կողմ նայեց, հրացանն իջեցրեց ուսից ու դարձյալ մտավ թփերի մեջ։ Ծերուկը բրդոտ գլուխը հանեց ծառի հետևից, հոտոտեց օդն ու դարձյալ ետ գնաց։ «Էլի ծառ են կտրել անտերները»,- մրթմրթաց շունը, հանեց գլխարկն ու քորեց գլուխը, դժգոհ փնչացրեց և նստեց տիրոջ կողքին։ «Այ թե մի ձեռս կընկնեք, ես ձեր տիրու… Գնացի՛նք»։
Կաչաղակների կաչկաչյուն, փութանցիկ զեփյուռից անհանգստացած սաղարթներ, բույրեր, բույրեր… Հոտ։ Տհաճ հոտ։ Ոտքերի տակ` փշրվող ապակու ձայն, թիթեղի ճռռոց։
Թխկ-թխկ, թփ-թփ-թփ-թփ…
– Ըհը, կերել-զխկտվել են, զիբիլը շաղ տվել անտառով ու գնացել։ Ես ձեր տիրու…
Ձերոնցից են` քաղաքից, էս տեսակ զիզի-բիզի բաներ նրանք են խմում։- Սապոգի հուժկու հարվածից կոկա-կոլայի տուփը կարմրավուն աղեղ գծեց օդում ու անձայն սուզվեց բարձր թփերի մեջ։- Ասա, քեֆ եք անում` մարդավարի արեք, էս ճյուղերն ինչի՞ եք ջարդում-պրճոկում, էս զիբիլը, էս կրակը… Հե՜յ-հե՜յ,- հանկարծ գոռաց ծեր անտառապահը, և նրա գոռոցի մեջ ավելի շատ կարոտ կար, քան զայրույթ։ «Հե՜յ-հե՜յ»,- գլորվեց լանջով։
Մթան կապտասև թանձրույթը դանդաղորեն բարձրանում էր ծառաբներով` աստիճան առ աստիճան կլանելով սաղարթները։ Ճռռացին ծղրիդները։ Ծառերի ետևում փախչող խշրտոց լսվեց, հևոց, ընդհատուն ինչ-որ ձայն, որ ծիծաղ էր հիշեցնում։ Ծերունու արմատախիլ ականջների տեղում բուրդը զգաստացած ցցվեց, նա հոտոտեց օդը, թեքվեց, նայեց տիրոջը։ Շունը հանեց գլխարկը, քորեց գլուխն ու խորամանկ-բանիմաց ժպտաց։
Թխկ-թխկ, թփ-թփ-թփ-թփ` շարունակվեց ճանապարհը։
Բլուրը շրջանցված էր։ Արահետը կտրուկ վեր տարավ, ապա նույնքան կտրուկ ուղղվեց։
Երկու ծերուկ կամ երկու շուն արագացրին քայլքը։ «Հասանք»,- ասաց նրանցից մեկը։
Երկաթյա շրջանակներով ցանցկեն թեթև դարպասը ճռռալով ետ գնաց։
– Իսկ գյուղն ու՞ր է։
– Գյուղն ինչի՞դ ա։ Սա անտառապահի տուն ա, անտառապահն էլ ես եմ, մոտերքում ու-րիշ տուն չկա։ Իսկ գյուղը ներքևում ա. էն հեռու կրակները տեսնում ե՞ս… Էն, էլի… Չես տես-նու՞մ։ Դե որ չես տեսնում` ինչ ասեմ։ Էնտեղ ա։
Բակը նույն անտառային տարածքն էր` թեթև ցանկապատերով զատված, խորքում` ճեր-մակ պատերով տնակն էր` փայտաշեն ընդարձակ պատշգամբով։ Տնակի առջև ցածրիկ, երկարուկ սեղան կար, սեղանից քիչ հեռու` կոպիտ քարերից օջախ, որի վրա քլթքլթում էր մրոտ կաթսան։ Կաթսային հակված էր նիհարիկ մի սիլուետ։
– Հայկուհի ջան, սոված ենք, սեղան գցի։ Հյուրը քաղաքից ա, նկարիչ, մեր եկեղեցին ա նկարում, էս գիշեր կմնա մեր տանը։
Խոտերի մեջ կչկչալով փախան չալպտուրիկ հավերը. փախուստը ետևից առաջնորդում էր խոշոր աքաղաղը։ Հայկուհին նայեց աքաղաղին. օջախի կրակները վարից լուսավորում էին դեմքը` ստվերներ գցելով վեր, ինչից դեմքն արտասովոր գծագիր և արտահայտություն էր ստացել։ Բայց ոչ, միայն ստվերները չէին պատճառ, աղջկա դեմքն առհասարակ էր տա-րօրինակ, և աքաղաղին հետևող այդ ժպիտը` նույնպես։ Դա մանկամիտի, խենթի ժպիտ էր` ծուռ, լարված, բնազդային անսքող փայլատակումներով։
– Թոռնիկս ա,- կիսաձայն բացատրեց անտառապահը, ասես գաղտնիք էր ասում։- Ման-կուց անտառի սեր ունի, գյուղում չի մնում, փախչում-գալիս ա ինձ մոտ։ Հերն ու մերը արդեն ձեռ են քաշել, թողել են իմ հույսին։ Սովորելու հետ էլ գլուխ չունի, դպրոցը կիսատ թողեց։ Բայց անտառը ինձնից լավ գիտի, հա, ամեն բան ճանաչում ա ու հասկանում` թուփ ու ծառ լինի, թե կենդանի արարած։ Մի տեսնես էծի պես ոնց ա վազում քար ու քռայով, ոնց ա գե-տում լող տալիս, ձուկ բռնում… Ոչնչից վախ չունի շան աղջիկը։
– Քանի՞ տարեկան է։
– Դե մի տասնյոթ-տասնութ կլնի, հա։ Խեղճը, նկատեցիր երևի, մի քիչ բան ա, մի քիչ խ-ևոտ ա, մանկուց։ Բայց դե շատ ջիգյարով ա շան աղջիկը, շատ։ Էհ…
Հայկուհին կարծես կռահել էր, որ իր մասին են խոսում, դրանից էր դեմքին դեռևս պահ-պանված ժպիտն ավելի ծուռ ու լարված դարձել։ Մարմինը նիհար էր, դեմքը, հակառակը, կլորավուն, լիքը, կզակը չէր առանձնանում, քիթն ուղիղ էր, կարճ, մսեղ, բերանը` փոքր, շրթունքներն` ուռուցիկ, աչքերը կլոր էին, դուրս պրծած, մանրիկ ալիքներով ուսերին իջած մազերին չոր տերևներ էին կպել-խճճվել, ճակատը չէր երևում մազերի տակից, սակայն ըստ երևույթին` լայն չէր։ Ծանոթ էր այդ դեմքը… Բայց ո՞նց, որտեղի՞ց…
– Շուտ արա՛, Հայկո՛, սոված մեռանք։
Գորշավուն զգեստը, որ համարյա հասնում էր մերկ ոտնաթաթերին, ճմրթված էր, տեղ-տեղ էլ` ճղճղված։
– Արի, արի լվացվենք, մինչև ժաժ գա։
Ընթրիքի սեղանը գցող Հայկոյի շարժումները հստակ էին, կանացի սեթևեթանքի ոչ մի նշույլ, ոչ մի ավելորդություն. կաթսան սեղանին տեղափոխեց առանց ճիգի, առանց ավե-լորդ լարվածության, թեև տաք բռնակները մերկ ձեռքերով էր բռնել, ափսեները քաթանե սփռոցին նստացրեց սահուն ու ճշգրիտ։
– Արաղը մոռացար, արաղը, Հայկո՛։
Հայկուհու դեմքին նորից հայտնվեց ծուռ ժպիտը. արագ մտավ տուն ու ետ եկավ` բազ-մածալ լրագրային թղթով խցանված օղու շիշը ձեռքին։ Մի ոտքը մի քիչ կարճ էր կարծես… Թե՞ քայլվածքն էր այդպիսին` թեթևակիորեն մի կողմի վրա թեքված։ Շիշը նույնպես սահուն ու ճշգրիտ նստացրեց սեղանին. առարկաները և նրանց հարաբերությունները, շփումը լավ զգացողի գործողություններ էին նրա գործողությունները` զգացողի, ո՛չ գիտակցողի։ Մատ-ները ջղուտ էին, ծուռտիկ, եղունգները` կարճ, մսի մեջ խրված, ինչը կրծելու սովորության արդյունք էր հավանաբար։
– Դեհ, անցանք գործի, – հայտարարեց տանտերը` շիշը ձեռքն առած։- Ողջություն բոլորիս։
Օղին թունդ էր, այրող, բայց` հաճելի։ Հայկուհին հանգիստ խմեց, առանց դեմքը ծամած-ռելու, բայց հետո հանկարծ հազաց ու թքեց թփերի մեջ։
– Ձուկ քաշի,- դատարկած բաժակն իջեցնելով` ասաց ծեր անտառապահը։- Գետի ձուկ ա, Հայկոյիս բռնածը։
Ընթրիքը սկսված էր. տապակած ձուկ, լավաշ, դարձյալ օղի, եփած հավի միս, լավաշով փաթաթած պանիր, կանաչ սոխ ու էլի օղի։ Հայկոն ետ չէր մնում, խմում էր` անուշադրութ-յան մատնելով պապի խեթ հայացքը, թեև այդ հայացքն ավելի շուտ ցուցադրություն էր հյու-րի առաջ։
Բակը հանկարծ լցվեց զանգուլակների ծլնգծլնգոցներով։
– Էծն ա, էկավ, հիմա կմտնի բոստանը, ես քու տիրու… Հայկո՛, Չալո՛, շուտ արե՛ք։
Հայկոն արդեն վազում էր` ձեռքին ասես օդից խլած մահակը թափահարելով և անհոդա-բաշխ աղաղակելով։ Վազեց նաև շունը։ Երկուսով քշեցին այծին. տան ետնամասում աստի-ճանաբար մարեցին ծլնգծլնգոցները, հաչոցը և Հայկոյի «Հու-հու-հուն»։
Տարօրինակ էր` այ-ծը նույնպես նման էր ծեր անտառապահին, թեև շանն ամենևին նման չէր։
– Էդ անտերին թևիցդ գցի, կկծի։
Դեղնականաչ փայլփլուն բզեզ էր, որ ամուր կառչել էր վերնաշապկի թևքից ու շարժում էր երկար բեղիկները։
– Սրանք կծող չեն ինչքան գիտեմ։
– Էդ առաջ էր, որ կծող չէին, հիմա լավ էլ կծում են,- ծերուկը զգուշորեն, բայց արագ «գողացավ» բզեզը։
– Այդպես չի լինում։
– Լինում է։ Նայի սրան, էսպես երկար, բեջուռա բեղ ե՞րբ ուներ, բա էս քիթը, ոնց որ քոռ բվի քիթ, հրե՛ս…- Նա շրջել և ցույց էր տալիս երկու մատով բռնած բզեզին, որը տենդագին տարուբերում էր անճոռնի վերջույթները։- Էնպես էլ անպետք հոտ ա հանում անտերը։
– Գցի, թող գնա։
– Չէ, սատկացնելու եմ,- վճռեց անտառապահը և բզեզին գցեց ոտքի տակ, հետո նայեց ու տարակուսեց.- Էս ու՞ր կորավ անտերը… Փախավ, քու տիրու…
Հայկուհին եկավ։ Գլխին չոր խոտ ու ծաղկից անփույթ հյուսած պսակ էր դրել, ոստոտ հաստ ճյուղը դեռ ձեռքին էր։ Չէր նստում, սեղանից քիչ հեռու կանգնած ժպտում էր` մերթ պապին, մերթ հյուրին։
– Ասա էդ զիբիլն ինչի՞ դրիր գլխիդ, այ շան աղջիկ։ Գիժ ա, է՜, գիժ,- ծերունին կամացուկ ծիծաղեց, հետո կտրուկ տխրեց, շրջվեց ու թաքուն սրբեց աչքերը։
Իսկ Հայկոն շարունակում էր կանգնած մնալ։ Գլխի այդ դարձումը, մազերի պսակը, ձեռ-քի փայտը, լիքը դեմքը, կլոր աչքերը … Դե իհարկե, Ֆլորան, Ռեմբրանդտի հայտնի Ֆլորան, միայն թե` ճմռթված, ճղճղված զգեստով, գավազանը` ոստոտ ճյուղ, պսակը` չոր խոտու-ծաղկից։ Ապշեցնող նմանություն էր։
– Հայկուհի, կթողնե՞ս նկարեմ քեզ։
Աչքերը ոլորվեցին, ժպիտը պաղեց, զգաստացավ, այտը ջղացնցվեց… Չհասկացա՞վ։
– Լուրջ եմ ասում, Հայկո, ուզում եմ քեզ նկարել, առավոտյան, անտառում մի սիրուն տեղ կգտնենք…
Հայկոն քրքջաց, ճյուղը ձեռքից գցեց և անզուսպ քրքջաց։ Ծեր անտառապահը մի պահ տարակուսեց, ապա ինքն էլ քրքջաց։
– Միամիտ մարդ,- ասաց,- Հայկոն իսկի մի րոպե հանգիստ կմնա՞, որ դու էլ նկարես։
– Ընդմիջումներով կանենք…
– Բան դուրս չի գա վայթե։ Մտքով նկարի, էլի. մի բոլ նայի, որ հիշես, հետո մտքով նկարի։
– Մի թեթև էսքիզ գոնե անեմ։
– Ի՞նչ կասես, աղջի՛,- թոռանը դիմեց ծերունին, ապա տեսնելով, որ Հայկոն նոր ուժով է քրքջում` եզրակացրեց.- Չէ, լինելիք բան չի։ Վերցրու, վերցրու խմենք։
– Շատ չխմեցի՞նք։
– Շիշը կիսատ թողե՞նք։
Օղին արդեն չէր այրում, խուտուտ էր տալիս։ Հայկոն նստեց. լամպի լեզվակը պարեց աչ-քերի մեջ։ Նա նույնպես խմեց։ Սեղանի տակ… Սեղանի տակ ի՞նչ… Հայկուհու ո՞տքը… Այո, Հայկուհու ոտքը, որ չորուկ էր, բայց տաք, կենսաթրթիռ։ Պատահաբա՞ր հպվեց։ Բայց ետ չի քաշում։ Լամպին հառած, սակայն լամպը չտեսնող հայացքը լարված է, դեմքով ստվերներ են փախչում։ Գինովցած անտառապահը փորձող հայացքով նայում է թոռանը. ծեր սատիր, որ նման է իր այծին, իր շանը, իր աքաղաղին, կնճռոտ հաստաբուն թթենուն։
Հայկուհու ոտ-քը տաք է, բայց տղայական` մկանուտ ու կոշտ։ Ծանր է շնչում։ Գուցե օղու՞ց է։ Ծեր սատի-րը տրորում է արնալեցուն աչքերը, հանկարծ սկսում է երգել` բռունցքները ռիթմիկ խփելով սեղանին։ Բաժակներն ու ափսեները ցնցվում են, դատարկ շիշը երերում , բայց չի տապալ-վում, հավի ոսկորնեը ոստոստում` խաչվում են, անջատվում ու նորից խաչվում, ձկան գլուխն աչքով է անում մերթ այս, մերթ այն կողմից։ Երգի բառերը որսալ-տարբերել հնարա-վոր չէ, մեղեդին անծանոթ է, տարաշխարհիկ։ Հայկոն կամացուկ ձայնակցում է` ռնգային հնչյուններ արտաբերելով, գլուխը սկսում է ռիթմիկ տարուբերվել, ձեռքերը բարձրանում են, դանդաղորեն ելնում է տեղից, շարժումներն ավելի ու ավելի համարձակ են դառնում… Պա-րում է Հայկուհին` ինքնամոռաց, վերացած, ասես շարժումները դրսից են կառավարվում-հուշվում` անտեսանելի թելերի ձգումով։ Մութ անտառի ֆոնին գալարվում, տարուբերվում է նրա տղայական ճկուն մարմինը, ձիգ ցնցվում են պստիկ կրծքերը, վերուվարում են ձեռքե-րը, ծալվում-ուղղվում, ծալվում-ուղղվում են ոտքերը, մազերը խփվում են դեմքին` մութ խա-զերով պատռելով շառագունած մաշկը, աչքերը խուփ են, բերանը կիսաբաց։ Ի՞նչ պար է, որտեղի՞ց…
Սատիրի երգը սպառվեց։ Դանդաղորեն մարում է պարը։ Հայկոյի շրթունքից մածուցիկ թուք է կախվել, բայց ինքը չի նկատում կամ կարևորություն չի տալիս, մարմինը ցնցվում է, թրթռում` ռիթմի կախարդանքից չձերբազատված։ Ծեր անտառապահի շաղված աչքերով գլուխը հոգնած թեքվել է ուսին։
– Չքնե՞նք, ուշ ա,- մրթմրթաց նա։
– Ես պատշգամբում կքնեմ։
– Վախենամ մրսես, գիշերները ցուրտ ա անում արդեն։
– Չեմ մրսի։
– Հայկո ջան, հյուրն ուզում ա դրսում քնի, տաք վերմակ կգցես։
Դարձյալ անկարելի էր որոշել` լսե՞ց Հայկոն, դեմքի լարված ժպիտը նման չէր արձա-գանքի, ավելի շուտ ներքին անցուդարձի արտահայտություն էր. սեղանն էր հավաքում, և շարժումները նույնքան ճշգրիտ էին, ճարպիկ, ասես չէր եղել օղին, վազվզոցը օրինա-խախտ այծի ետևից, պարը։ Իսկ ծեր անտառապահը վայելում էր սառը թանը և ժամանակ առ ժամանակ աչքով անում` երևի մտերմիկ մթնոլորտը պահպանելու ձգտումով։
Հայկուհին իր եռանդը պատշգամբ էր տեղափոխել, ինչը վկայում էր, որ այնուհանդերձ լսել է հյուրի անկողինը դրսում գցելու պապի ապսպրանքը։
– Էհ, գնացինք քնելու,- տեղից վեր կացավ ծեր անտառապահը։- Լավ կծածկվես, չմրսես։ Բարի գիշեր։
– Բարի գիշեր։
Անիրականության զգացում էր ծնում այս ամենը` փափուկ, տաք, չոր ծաղիկների հոտ արձակող մաքուր անկողինը պատշգամբում, փայտյա նախշատաշ բազրիքը, մեծ աստղե-րը թանաքագույն երկնքում, լուսնի ճերմակ լույսի մեջ սևին տվող սաղարթները, շնագայլի հեռավոր հաչը, ծղրիդների մոտիկ երգը, ծեր անտառապահի խռմփոց-ֆսֆսոցը բաց պա-տուհանի ետևում, դռան կամացուկ ճռռոցը… Դռան ճռռո՞ցը… Նաև ոտնաթաթերի մոտեցող փափուկ քսքսոց, քղանցքի շրշյուն, ստվեր գլխավերևում։
– Հայկո՞…
Պատասխանի փոխարեն` բերանը փակող տաք, դողացող ձեռնափ։ Ընդարձակ գիշերա-նոցի ներքո` ընդհատ շնչառություն։ Վերմակի եզրը ետ է գնում, Հայկուհին մտնում է անկո-ղին։ Մարմինը չորուկ է, բայց տհաճ չէ ամենևին, ցանկալի է նույնիսկ, թեև` ահաբեկող։ Թափված մազերով գլուխը վերում կտրել-փակել է լիալուսնի կեսը` մյուս կեսը ճերմակ պսակ դարձնելով իր համար։ Վայրի կատվի մլռտոց հիշեցնող կրծքային հառաչներ է ար-ձակում Հայկուհին, մարմինը պրկվում-թուլանում, պրկվում-թուլանում է, ջղաձիգ մատները փնտրում են տենդագին, հախուռն, ցավեցնող, աչքերն աղերսում են, պահանջում…
Վրիժառու խածոց, հիասթափ հառաչանք` և Հայկոն դուրս է սահում անկողնուց։ Շառա-գունած դեմքին ոչնչացնող արհամարհանք կա, ցասում, աչքերը ոլորվում են ջրից հանած այն ձկան պես, որի գլխին հարվածել են թիակով։ Սաստիկ հևոցն ասես ուր որ է կպատռի նիհար կուրծքը։ Չոր խոտուծաղկի օղակը պոկում է գլխից ու շպրտում, ապա կտրուկ շրջվում է ու խուլ մռնչյունով խուժում բակ։ Բակի գիշերային լռությունը պայթում է խառնաշ-փոթ աղմուկից` շխկրտալով փլուզվում է վառելափայտի շարը պատշգամբի տակ, վայնա-սուն գցած փախչում է շունը, զանգուլակների խուճապահար ծլնգոցներն ընդմիջվում են վախեցած մկկոցներով, սարսափահար կչկչալով բակ են լցվում հավերը, Հայկոյի ռազմա-շունչ աղաղակին հետևում է օդ բարձրացող թպրտոց, որն այնուհետև գահավիժում-զարկ-վում է գետնին ու փախչում գետնի վրայով։ Լռություն։
Բակով սահում է ճերմակ գիշերանոցը, լողում աստիճաններով, ապա պատշգամբով և չքանում դռան մութ բացվածքում։ Պատուհանից առագաստի պես ուռչում-պրկվում դուրս է պրծնում վարագույրը և անմիջապես էլ թուլանում-սմքում-ետ գնում։ Դարձյալ լսելի է շնա-գայլի հաչոցը հեռվում, ծղրիդների ճռճռոցը մոտերքում, ծեր անտառապահի անխռով խռմփոց-փսսոցը պատուհանի ետևում… Ծեր անտառապահը…
… Ծեր անտառապահը դահճի արնագույն հագուստով է, կորսայր տապարը ձեռքին` պատրաստ կանգնած է հսկայական կոճղի առջև։ Անտառի թավուտից հայտնվում-մոտ է լողում Հայկուհին` ռեմբրանդտյան Ֆլորայի ոսկեկար, շքեղ զգեստով, մազերը գույնզգույն, թարմ ծաղկեպսակի տակ կոկած։ Աչքերը կատաղի ոլորում է, զարդանախշ գավազանը զարկում գետնին և աղաղակում։ Իսկ արնագույն դահիճը, հրամանին հնազանդ, տապա-րով անհամբեր հարվածում է մերկ կոճղին` շխկ, շխկ, շխկ… Շունն ու այծը քարշ տալով մոտ են բերում… Ո՞վ է… Ի՜նչ ծանոթ է դեմքը… Մի րոպե… Բայց արդեն ուշ է… Շխկ, շխկ, շխկ…
– Զարթնեցի՞ր։ Վայ թե ես զարթնացրի, գիտե՞ս։ Ներող կըլնես։ Բարլուս։- Ծեր անտառա-պահը բակում փայտ է ջարդում` շխկ, շխկ, շխկ…
– Բարի լույս։
– Հագնվի իջի, Հայկուհին ուր որ է կգա` հաց կտա։ Լուսը չբացված` փախել ա անտառ, թոռը վերցրել, գնացել ա ձուկ բռնելու։ Էս փետերն ինչի ա շուռ տվել, էն խեղճ աքլորի վիզն ինչի ա օլորել… Առավոտ նայեմ` գլուխը պոկած, խոտերի մեջ գցած։ Էլի գժությունը բռնել ա շան աղջկա։ Դե լվացվի, մինչև լվացվես` երևի կգա, հաց կուտենք։
– Առավոտյան ուտելու սովորություն չունեմ։
– Այ քեզ զարմանք… Բա ե՞րբ ես ուտում։
– Կեսօրին։
– Ու՞ր էդպես ափալ-թափալ։
– Շտապում եմ։
– Եկեղեցու մոտ կըլնե՞ս։
– Չէ՛, քաղաքում գործ ունեմ, հազիվ էլ հասնեմ ավտոբուսին։
– Էն կժի մեջ կաթ կա, գոնե կաթ խմի։
– Շնորհակալ եմ, չեմ ուզում։ Մնաք բարով։
– Գնաս բարով։ Էն անտերը մոռացար… Վայ, մեղա քեզ, կներես…
Հյուրը ետ դարձավ, վերցրեց պատշգամբում մոռացած նկարակալը, ապա արագաքայլ դուրս եկավ բակից։
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում