Քսենյա Կիրիլովան՝ լրտեսության, «սառը պատերազմի» եւ չիրականացած հնարավորությունների մասին
Նմանատիպ
Ուկրաինական «Дух и литера» խոշոր հրատարակչությունը լույս է ընծայել «Խելահեղության սարդոստայնում» վերնագրով գեղարվեստական գիրքը, որի հեղինակն է գրող, լրագրող, ժամանակակից Ռուսաստանի հարցերով փորձագետ Քսենյա Կիրիլովան: Վեպում գործողությունները ծավալվում են 60-ականների վերջին, 70-ականներին սկզբներին: Ըստ սյուժեի, ԿՀՎ երիտասարդ աշխատակից Պատրիկ Քորնին վտանգավոր առաջադրանք է տրված: Նա պետք է հորինված անունով հանդիպի խորհրդային ռազմական ինժեներ Ալեքսեյ Գոլուբովի հետ՝ հայտնելու իր անհամաձայնությունը՝ ՆԳՆ ենթակայությամբ գործող հոգեբուժական փակ հաստատության մասին կուսակցության եզրակացության վերաբերյալ եւ հասցնի գաղտնի փաստաթղթեր փոխանցել Արեւմուտքին:
Իր առաքելությունն իրականացնելու համար հետախույզն ապավինում է երիտասարդ բուժքույր Իրինայի աջակցությանը, որը վաղուց իր աշխատանքի հետ կապված խղճի խայթ էր զգում: Աղջիկը սիրահարվում է օտարերկրացուն՝ չիմանալով անգամ, թե ում հետ գործ ունի:
Մենք մի քանի հարց ուղղեցինք Քսենյային իր վեպի մասին:
– Տիկին Կիրիլովա, Ուկրաինայում հրատարակվել է ձեր՝ «Խելահեղության սարդոստայնում» գիրքը, որը պատմում է «սառը պատերազմի» շրջանում իրականացված հետախուզության, խորհրդային պատժիչ հոգեբուժության մասին: Ընդ որում, թեեւ «սառը պատերազմն» ավարտվել է խորհրդային գաղափարախոսության, խորհրդային կայսրության փլուզմամբ, սակայն դեռեւս շարունակում են այդ թեմայով ֆիլմեր նկարվել, գրքեր գրվել, դուք նույնպես նպաստում եք դրան: Ձեր կարծիքով ինչո՞ւ է «սառը պատերազմի» թեման առայսօր շարունակում արդիական լինել:
– Մի կողմից, «սառը պատերազմն», անխոս, պատմական ֆենոմեն է, որը դեռ ենթակա է արծարծման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ հեռավոր անցյալում է ավարտվել, մյուս կողմից էլ, իմ համոզմամբ, թեմայի հանդեպ հետաքրքրության աճ կա պայմանավորված՝ Ռուսաստանի այսօրվա ագրեսիվ քաղաքականությամբ՝ ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլեւ արեւմտյան երկրների հանդեպ: Սա վերաբերվում է ինչպես Ռուսաստանի միջամտությանը՝ ԱՄՆ ընտրություններին, ԱՄՆ-ի ներքին գործերին խառնվելու՝ նրա շարունակական փորձերին, այլեւ Եվրոպայում արմատական ուժերի աջակցությանը: Շատ քաղաքագետներ նշում են, օրինակ, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ շատ ավելի վատ են, քան «սառը պատերազմի» ընթացքի մեծ մասում: Իհարկե, հետախուզությունների պատերազմն այսօր էլ շարունակվում է՝ մեկ տարբերությամբ. այն է՝ Ռուսաստանը սկսել է ոչ միայն դասական շպիոնաժ, այլեւ ավելի շատ հանցագործների «օգտագործել» եւ կեղտոտ փողեր կիրառել այլ երկրների դեմ: ԿԳԲ-ի կողմից նախկինում էլ կիրառվում էին «ակտիվ միջոցառումներ», սակայն Մոսկվան այսօր գերազանցել է ինքն իրեն՝ Արեւմուտքի դեմ օգտագործելով սեփական տեխնոլոգիաներն ու անգամ ազատությունները:
Գիրքը գրելու համար կարեւոր խթան հանդիսացավ խորհրդային համակարգի որոշակի տարրերի վերածնունդը հենց Ռուսաստանի ներսում, այդ թվում՝ նաեւ պատժիչ հոգեբուժությունը: Իրավապաշտպաններն արդեն քանի տարի է ահազանգում են պատժիչ հոգեբուժության «վերածննդի» մասին՝ մասնավորապես գրավյալ տարածք Ղրիմում: Տառացիորեն օրերս, գրքի ավարտից մեկ տարի անց Պուտինը հրամանագիր է ստորագրել, որն իրավունք է տալիս ոչ միայն բժիշկներին, այլեւ դատախազներին դատական հայց ներկայացնել հարկադիր հոգեբուժական հոսպիտալացման վերաբերյալ: Փաստորեն, գիրքը գրվել է անցյալի մասին, սակայն, նաեւ ինչ-որ առումով մարգարեություն է դարձել:
– Թվում էր, թե կուսակցական գծին հակասող ցանկացած բառ ու մրցակցություն բացառող բռնատիրական հզորագույն համակարգը իշխանություն է, որն ինքն է գրում, ինքն էլ իրականացնում է իր «օրինականությունը»: Այնուհանդերձ շատերի, առաջին հերթին երիտասարդ սերնդի համար անհասկանալի էր՝ ինչո՞ւ պետք է հոգեբուժությունը կիրառվի որպես պատժիչ գործիք այլախոհների համար:
– Որովհետեւ այն ամենը, ինչի վրա հենվում են նման համակարգերը, վախն է, զրպարտությունը, զրպարտիչների սիրելի հնարքները, որով վարկաբեկում են հակառակորդին: Դա ցանկացած բռնատիրական համակարգի գոյության միջոցն է,քարոզչության հիմքը: Վարկաբեկումը հաճախ իրականացվում է երկու ուղղություններով՝ համակարգը քննադատողների «հրեշացում» եւ նրանց ներկայացում որպես՝ ոչ լիարժեք, ստորակարգ արարածներ ու հոգեկան հիվանդներ: Այդպիսով, բռնապետներն ընդգծում էին, որ հոգեպես առողջ մարդը չի կարող դուրս գալ իրենց դեմ: Հաճախ վարկաբեկման այդ երկու ձեւերը գործում են ձեռք ձեռքի տված: Այսօր էլ Կրեմլյան քարոզչությունն Արեւմուտքը ներկայացնում է որպես ծայրահեղ թշնամական ու ավերիչ ուժ, որը երազում է ոչնչացնել Ռուսաստանը, իսկ ամերիկամետ հայացքներ ունեցող ռուսաստանցիներին փորձում են ներկայացնել որպես ծախու արարածներ ու խելագարներ: Դա արվել է նաեւ խորհրդային ժամանակներում:
Նույն միտումներն առկա են նաեւ Ղրիմի թաթարների պարագայում:Մի կողմից Մոսկվան փորձում է նրանցից «ստեղծել» ահաբեկչական ազգի կերպար, մյուսո կողմից էլ փորձում է ցույց տալ, որ այդ «ահաբեկիչները» մոլագարներ են, դրա համար էլ վտանգավոր են: Ի դեպ, ԽՍՀՄ-ում եւ Ռուսաստանում բացասական վերաբերմունք ունեն մտավոր խնդիրներ ունեցող անձանց հանդեպ; Նրանց անմիջապես «գժի» պիտակ են կպցնում, նրանցից զգուշանում են՝ մտածելով, որ «առանց կրակ ծուխ չի լինում»; Իշխանությունները հաճույքով խաղում են նման կարծրատիպերի հետ: Հայտնի է նաեւ, որ նեյրոլեպտիկների տեւական ընդունումը իսկապես մարդուն կարող է հասցնել հոգեկան խանգարման: Հոգեբուժական փակ հաստատություններում հայտնվելու վտանգը շատերին է լռեցրել ու վախեցրել: Սակայն, Օլեգ Սենցովի եւ այլ քաղբանտարկյալների օրինակով կարող ենք փաստել, որ սովորական ճամբարները չեն կարող «կոտրել» իրապես ուժեղ եւ կամային մարդկանց: Բայց նաեւ հերոսները չեն կարող դիմակայել ուղեղում ընթացող կենսաքիմիական գործընթացներին, որոնք անդրադառնում են բանականության մթագնման եւ հստակ մտածելու ունակության վրա: Այսպիսով` հոգեբուժարանում հայտնվելու վախը ստիպել է լռել այլախոհներին այսօր նաեւ Ուզբեկստանում:
– Որքանով տեղյակ եմ, դուք օգտագործել եք բնօրինակ պատմական փաստաթղթեր պատժիչ հոգեբուժության եւ խորհրդային շրջանին բնորոշ իրողությունները նկարագրելու համար:
– Այո, ես փորձել եմ հնարավորինս ճշգրիտ փոխանցել դարաշրջանին բնորոշ զգալի մանրամասներ: Օրինակ` խորհրդային պատժիչ հոգեբուժության իրողությունները նկարագրված են այն մարդկանց հիշողությունների հիման վրա, որոնք անցել են այդ դժոխքի միջով, օգտագործել եմ իմ հարցազրույցները այդ մարդկանց հետ, զանազան պատմական փաստաթղթեր:
Ռազմական ինժեներ Գոլուբովի պլանի տարհանումը արտացոլում է ԿԳԲ-ի նախկին մայոր Վիկտոր Շեյմովի արտահանձնման ԿՀՎ-ի իրական օպերացիան: Վեպում նկարագրվող պատմական իրադարձությունները հավաստի են. 70-ականների սկզբներին զինաթափման բանակցություններ ֆոնին իսկապես նախագծվել էին ջերմամիջուկային հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք տեխնիկական բնութագրերը նույնպես տրված են գրքում: Ես հատկապես երախտապարտ եմ ուկրաինացի ռազմական փորձագետներին, մասնավորապես Լեոնիդ Պոլյակովին, որն ինձ օգնել է գլուխ հանել նման շատ մանրամասներից:
Ի դեպ, ԿՀՎ-ին ուղղված նամակներից մեկում Ադոլֆ Տոլկաչեւը նշել է, որ սկզբում մտադիր է եղել հանդես գալ որպես այլախոհ, նույնիսկ թռուցիկներ է պատրաստել, սակայն ճիշտ ժամանակին հասկացել է, որ պետական գաղտնիքների տիրապետող իր նման մարդուն համակարգը կարող է ոչնչացնել անգամ չնչին «անհուսալիություն» ցուցաբերելու դեպքում: Ալեքսեյ Գոլուբովի պատմությունն իր տեսակով Տոլկաչեւի «չիրագործված հավանականության» ճակատագիրն է: Գոլուբովը բացահայտ բարձրաձայնել էր իր կասկածների մասին, եւ դա իր կարգավիճակի պարագայում ճակատագրական էր եղել նրա համար:
Մեջբերումները «Ընթացիկ իրադարձությունների քրոնիկոնից» իրական են: Անգամ Անդրոպովի դասախոսության եւ յոթանասունականների Սվեդլովսկյան ռեստորանի ճաշացանկից մեջբերումներն իրական վավերագրերից են: Իհարկե, բծախնդիր ընթերցողը, որ ապրել է այդ ժամանակաշրջանում կարող է նաեւ ինչ-ինչ անճշտություններ գտնել: Ամեն դեպքում դարաշրջանի ոգին, հուսով եմ, ճշգրտորեն փոխանցված է:
-Իսկ ո՞րն է գրքի հիմնական ուղերձը:
-Եթե խոսենք իմաստի մասին, ես ամեն դեպքում ցանկանում էի ցույց տալ, որ անգամ ամենաանելանելի վիճակում մարդը ընտրության հնարավորություն ունի: Իհարկե, խորհրդային շրջանում մարդու համար ընտրության հնարավորությունները քիչ էին, այժմ: Բուժքույր Իրինան չի կարող ուղղակի փոխել իր աշխատանքը. նա հայտնվում է հոգեբուժարանում եւ ստիպված է այնտեղ աշխատել ամենաքիչը երեք տարի: Նա չի կարող հենց այնպես վերցնել ու երկրից հեռանալ, ինչը հնարավոր է այսօր: Ես ուզում էի զգալ այդ ողբերգությունը, լավ մարդու ողբերգությունը, որը դառնում է չարի անազատ համակարգի մասնակիցը: Հանդիպելով Պատրիկ Քորնին կամ լիտվացի իրավաբան Յուրգիս Գինտաուսին՝ Իրինան հասկանում է, որ անգամ իր պարագայում ելք կա, որ անգամ նման պայմաններում հնարավոր է մարդ մնալ: Մենք հաճախ ոչ միշտ ենք մտածում այն մասին, որ առանց չարչարանքի, սխրանքի ու մարդկային զոհերի կարող էր ուրիշ, ավելի սարսափելի իրականություն լինել: Մենք չենք մտածում կանխարգելված հանցագործությունների, չհնչած պայթյունների եւ չսկսված պատերազմների մասին: Մենք սովոր ենք ընկալել իրականությունն այնպես, ինչպես տրված է, եւ հաճախ չենք մտածում, թե ոմանք ինչ գին են ստիպված եղել վճարվել մեր գլխավերեւի խաղաղ երկնքի համար: Նույնն էլ, ընդհանուր առմամբ, մեր անձնական կյանքին է վերաբերվում: Այո, մենք չենք կարող հասնել այն ամենին, ինչ ուզում ենք, սակայն, թե ինչ ընտրություն կկատարենք, ինչ ուղղությամբ կշրջենք մեր կյանքի ռելսերը, միայն մեզանից է կախված:
– ԿԳԲ-ի աշխատակից Դմիտրի Ռախմանովը եւ նրան աջակցող միլիցիայի լեյտենանտ Ելենան բավականին դաժան ու ստոր արարքներ են գործում, բայց, այնուամենայնիվ, նրանց մեջ ինչ-որ մարդկային բան կա: Լենայի ճակատագիրը ողբերգական է, իսկ Ռախմանովի ներսում, որի մեղքով զոհվել է այլախոհ աղջիկը, ինչ-որ պահի խղճի խայթ է արթնանում: Չարագործները նույնպե՞ս մարդիկ են:
– Իհարկե ինձ համար կարեւոր է մի ասպեկտ. որոշակի մարդկայնությամբ չի արդարացվում մարդկանց գործած չարությունը: Այնպիսի գործում, ինչպիսին հետախուզությունն է, «մաքուր» մարդիկ չեն լինում: Պատրիկն էլ է սկզբում բավականին հաշվարկված ստում է Իրինային, սառնասրտորեն եւ ցինիկաբար օգտագործում նրան: Բայց ես ուզում եմ այնուամենայնիվ հավատալ, որ կա որոշակի տարբերություն: Չարի ռեպրեսիվ համակարգի համար աշխատող մարդիկ, որոնք մասնակցում են սովորական մարդկանց ծաղրուծանակի ենթարկելուն եւ տանջանքներին, չեն կարող բարոյապես նույնական լինել նրանց հետ, ովքեր աշխատում են ավելի մարդասիրական եւ ազատ երկրներում: Հնարավոր չէ մասնակից լինել բացահայտ նողկանքների ու մնալ լավ մարդ: Սա այն պահն է, որ դժբախտաբար չեն գիտակցում հոլիվուդյան ֆիլմեր ու սերիալներ ստեղծողները. բարու ու չարի միջեւ չկան բարոյական նույնական համարժեքներ: Կա տարբերություն` դու աշխատում ես քաղաքակիրթ երկրի հետախուզության համար, թե Երրորդ Ռեյխի: Մասնակցությունը այդ մասշտաբի չարիքին հետք է թողնում մարդու հոգու վրա: Բայց միեւնույն ժամանակ, նրանք եւս մարդիկ են եւ նրանց խորթ չէ մարդկային ոչինչ: Ընդհանրապես մասնակցությունը նման չարիքին առաջին հերթին ողբերգություն է հենց տվյալ մարդու համար:
– Ի՞նչ եք կարծում, ԿՀՎ-ն իսկապե՞ս օգտագործել է ապօրինի ներգաղթյալներին Բալթյան երկրներից հեռացողների քողի տակ:
– Ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը կիմանանք ոչ շուտ, քան մի քանի տասնյակ տարի հետո, երբ գաղտնազերծվեն համապատասխան փաստաթղթերը: Հայտնի է, որ ԿԳԲ-ն թողարկել էր հրահանգների կատարման ամբողջություն այն մասին, թե ինչպե՞ս պետք է տարբերել ներգաղթյալներին, անկեղծորեն հավատում էր, որ նրանք գոյություն ունեն: Մենք գիտենք նաեւ, որ ԽՍՀՄ-ի ժամանակ եւ այսօրվա Ռուսաստանում էլ օգտագործում են ապօրինի ներգաղթյալներին: Ինչ վերաբերվում է գլխավոր հերոսի «լիտվական» քողարկմանը, գրքում այդ թեման ծնվել է մի արտահայտությունից, որ ինձ հետ զրույցում արել է ԿՀՎ-ի ծանոթ վետերանը: Նա պատմել է, որ Ռուսաստանում աշխատելու տարիներին այնքան լավ էր խոսում ռուսերեն, որ իրեն ընդունում էին որպես Բալթյան երկրներից եկածի, այլ ոչ թե ամերիկացու: Այնպես որ, Ժիլվինասի մասին լիտվական լեգենդը, որ օգտագործվել է գրքում, նույնպես իրական հիմք ունի…
– Ինչպես տեսնում եք ներկայիս Ռուսաստանը դեռ դաս չի քաղել իր ոչ հեռավոր անցյալից եւ շարունակում է հակադրվել քաղաքակիրթ աշխարհին, փորձում է դիրքավորվել իր «հոգեւորությամբ», «ռուսական աշխարհով»՝ ունենալով պակաս ներուժ, լինելով պակաս «ցանկալի»: Նա հարձակվում է հարեւանների վրա, հրահրում է նրանց եւ դժբախտաբար աջակցության է արժանանում Ռուսաստանի բնակչության մեծամասնության կողմից: Որպես հետազոտող ձեր կարծիքով, ինչո՞վ է բացատրվում նման վարքը, աշխարհընկալումը, այն դեպքում երբ վնասները եւ այդ ամենի հետեւանքներն ակնհայտ են:
– Այս հարցն իրականում առանձին հարցազրույցի թեմա է: Ցավոք, այդ ամենի վնասները եւ հետեւանքները տեսանելի չեն ռուսաստանցիների ու անգամ արեւմուտքից շատերի համար: Իսկ «հոգեւորսություն», «ռուսական աշխարհ» հասկացություններն ընդամենը արտահանման գաղափարախոսության շարքից են, որը Ռուսաստանը փորձում է «վաճառել», որոշ դեպքերում՝ նույնիսկ շատ հաջող: Ի տարբերություն ԽՍՀՄ-ի, որն իր ազդեցությունը տարածում էր միայն արեւմտյան քաղաքական սպեկտրի ձախ մասում, Մոսկվան այսօր ստեղծում է բազմաթիվ «գաղափարախոսություններ՚՝ նախատեսված տարբեր գաղափարախոսական ու սոցիալական խմբերի համար, եւ որպես կանոն, ինչպես նկատեցիք, առաջին հերթին ծայրահեղ աջ եւ կրոնական կողմնորոշում ունեցող մարդկանց վրա, եւ ոչ միայն՝ նրանց վրա: Ժամանակակից Ռուսաստանը չի կարող կոռուպցիայից, ստից, վախերից, քաոսից եւ ատելությունից զատ այլ բան առաջարկել աշխարհին: Անգամ հզոր, առանց հեգնանքի՝ հզորագույն ռուսական մշակույթն այսօր, ցավոք, սկսել է օգտագործվել առաջին հերթին որպես քարոզչության եւ ժամանակակից Ռուսաստանի քաղաքականության արդարացման գործիք: Կրեմլն իսկապես գրագետ խաղում է այլ երկրներում գոյություն ունեցող հակասությունների վրա, հրահրում է կոնֆլիկտներ, խորացնում խնդիրները: Այս հարցում նրանք իսկական պրոֆեսիոնալիզմի են հասել:
Պուտինիզմի ամբողջ էությունը հենված է պատերազմի վրա: «Ազգային առաջնորդի» շուրջ համախմբումը հնարավոր է միայն ողջ աշխարհի հետ մշտական առճակատման, իսկ տնտեսական զրկանքների համբերատարությունը արդարացվում է միայն մշտական վախի ֆոնին, որ «ամեն ինչ ավելի վատ կլինի»: Խաղաղության հաստատման պարագայում բռնատիրական այդ համակարգը չի կարողանում գոյատեւել: Բացի դրանից, ժողովրդավարության, իրական ազատությունների եւ օրենքի գերակայության գաղափարը նրա համար սարսափելի է, այսպես թե այնպես, Պուտինը կանի ամեն բան, որպեսզի ապացուցի ողջ աշխարհին, որ ոչ մի ճշմարտություն, ժողովրդավարություն եւ օրինականություն աշխարհում գոյություն չունի: Այս իմաստով, Պուտինի արտաքին քաղաքականությունը բավականին տրամաբանական է, թելադրված՝ իր իսկ կողմից կառուցված բռնապետության էությունից:
Միեւնույն ժամանակ ռուսաստանցիների մեծամասնության հավանություն է տալիս ոչ թե հարեւանների վրա հարձակմանը, այլ երեւակայական թշնամուց պաշտպանված լինելու պատրանքին, որի դեմ պայքարում «բոլոր միջոցներն արդարացված են»՝ իհարկե, որոշակի կայսերական բարդույթներով համակցված պատրանքի մասին է խոսքը; Եվ սա անկեղծ մոլորությունների վախեցնող հիբրիդ է՝ համակցված գիտակցված բարոյական դեգրադացիայով:
– Այսինքն, այն ամենն ինչ գրել եք գրքում, արդիական է նաեւ այսօ՞ր:
– Վախենամ՝ ավելի շատ, քան կուզենայի…
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am: