ԿԳ նախարարը կատակեց. «Մնում է որոշել, թե մեզանից ով է մնում նախարար»
Նմանատիպ
Լիլիթ Մակունցը նշեց, որ ՀՀ ողջ տարածքի 1-12-րդ դասարանցիների համար կներդրվի աբոնեմենտային համակարգ, որի շնորհիվ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա մեկ անգամ անվճար այցելել երեքական մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն:
«Կարեւոր ենք համարում աբոնեմենտային համակարգի վերագործարկումը 30 տարի անց ամբողջ հանրապետությունով մեկ, մանավանդ երկու ոլորտների զուգակցումը մտնում է մշակույթի եւ ԿԳ նախարարությունների քաղաքականության մեջ»,-շեշտեց նա:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ծրագրի մասին խոսել են այն ժամանակ, երբ դեռ ընդդիմություն էին, քանի որ շատ են կարեւորում, որ երեխաները հաղորդակից լինեն մշակույթին, եւ հիմա պետությունը նման հնարավորություն է ստեղծում, եւ մոտ 350 հազար աշակերտ երեքական հաստատություն կկարողանա անվճար այցելել ուսումնական տարվա ընթացքում:
Նրա ձեւակերպմամբ, ծրագիրն իրականացվելու է պիլոտային սկզբունքով, որպեսզի հասկանան, թե մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ կարող են լինել` հետագայում դրանք շտկելու ակնկալիքով: ԿԳ նախարարն ասաց, որ հոկտեմբերից սկսած` բոլոր երեխաները կարող են այցելել մշակութային հաստատություններ: Նա ներկայացրեց նաեւ աբոնեմենտը:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այս նախագծի համար նախատեսել են 400 մլն դրամ, բայց նախագիծը ոչ այնքան մասշտաբայնությամբ է կարեւոր, որքան նպատակներով: Նախարարը հույս հայտնեց, որ օրինակ, դպրոցներում որեւէ գրական գործ քննարկելիս գուցե թե թատրոնների խաղացանկում կգտնեն համապատասխան ներկայացում:
«Նախնական պայմանավորվածություն ունենք նաեւ dasaran.am կայքի հետ, որտեղ մշակութային հաստատությունների միջոցառումների ամբողջ ցանկը ներկայացված կլինի, եւ գուցե հենց այդ կայքի միջոցով աշակերտները կարողանան տվյալ ներկայացման կամ համերգի համար ամրագրել իրենց տեղը»,-ասաց նա:
Լիլիթ Մակունցը խոսեց նաեւ «Քո արվեստը դպրոցում» խորագրով դրամաշնորհային ծրագրից, որը ներառում է երեք ոլորտ` դասական երաժշտություն, կերպարվեստ եւ գրականություն: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ, որի շրջանակում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն` մի քանի բաղադրիչներով: Նրա ձեւակերպմամբ, նախագծի նպատակն է զարգացնել ստեղծագործ, քննադատական եւ վերլուծական միտքը: Մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ կընտրվեն 50 արվեստագետներ, որոնցից յուրաքանչյուրի ծրագրին կտրվի 1 մլն դրամ: Նաեւ վիճակահանությամբ կընտրվեն դպրոցները` ՀՀ տարբեր մարզերից, որտեղ արվեստագետներն իրենց նախընտրելի ձեւաչափով կներկայացնեն իրենց ծրագրերը կրթական հաստատություններում:
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ առաջին նախագծի հետ կապված մարզպետները խոստացել են լուծել երեխաների տեղափոխության հարցը` մշակութային հաստատություններ:
Ասուլիսի ժամանակ ԿԳ նախարարը իրենց արված առաջարկներից էլ խոսեց, օրինակ՝ ԿԳ եւ մշակույթի նախարարությունների միավորումից: «Մնում է որոշել, թե նախարարությունների միավորման դեպքում մեզանից ով է մնում նախարար»,-կատակեց նա: Համառոտ անդրադարձավ նաեւ գիտության կազմակերպման խնդիրներին:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am: