Ջրերի վրայով քայլողը
Նմանատիպ
գյուղացու ձեռքերը անձիս պես եմ սիրում…
ձեռքեր –
հողե սարդոստայնով…
փշոտ…
սադափե եղունգներով…
ամեն մատը մի ողնաշար երեխայի…
միակուռ…
առանձին…
երկկենցաղ արմատներ…
նրանք երեք սեխ ընտրեցին ձուլվելով կլորությանը պտուղի…
ձմերուկի քարանձավը զրնգաց…
արևայրուկով պոմիդորները դարձան ձեռքի կոշտուկներ…
բադրիջանները սևաթույր ճագարիկների ընտանիք,
որ իրար խանգարելով լցվեցին հնամաշ տոպրակի մեջ…
հետո գյուղացին սուզվեց սրածայր բիբարների պարկն ի վար
ու հասավ մինչև միջուկը երկրագնդի…
ճեղքեց տիեզերքի հեգնանք-խավարն
ու մի փարթամ կեսկարմիր բիբար դուրս հանեց…
դուրս հանեց Հռոմի պապից մեծ հավատքով առ կյանք ու
Հարություն…
դրեց տոպրակում սպասող մյուս բիբարների շարքում
ու մահը սրբեց ցեխոտ շալվարին…
գումարը խցկեց շապիկի գրպանի մեջ մինչև պատռումը տարայի…
ծխախոտն այրեց ասես Արև…
ներս քաշեց լուսատուն ու հենվեց իր մեքենային,
որի մետաղը վաղուց չկար…
հողին էր խառնվել…
ծլարձակել…
ու բեռնված՝ ես ու տղաս
քայլեցինք ծովի ջրերի վրայով…
Վահե ԱՐՍԵՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում