Ինձանից այնքան ես բացակա եղել
Նմանատիպ
Ինձանից այնքան ես բացակա եղել,
Որ, ներիր, արդեն պետք չէ քո սերը…
Ու ես քեզ այնքան, անքան եմ հիշել,
Որ մոռացել եմ ներկայությունդ…
Ես ստեղծել եմ մի դեմք,
Մի ժպիտ,
Մի լուռ հայացք,
Որ նմանությունն ու օրինակն են
Ինչ-որ մի դեմքի ,
Ինչ-որ ժպիտի,
Ինչ-որ հայացքի:
Ես քեզ, սիրելիս, փոխել եմ ահա
Ինձ բաժին ընկած մենություններից
Մենավորի հետ
Եվ հենց դրանով արտաքսել եմ իմ մենությունը:
***
Ներիր ինձ,
Ես քեզ ցավ եմ պատճառել:
Սերը այդպես է,
Դառն է,
Հոշոտող
Ու աստվածային,
Երազողների համաճարակն է,
Տաս հարվածով է
Զարկում նա ցավին:
Սերը այդպես է ,
Մաշկը ձգում է ,
Դարձնում մի գիծ
Եվ նպատակդ
Դարձնում հոգնակի:
Ցավ եմ պատճառել ,
Եվ դու չես լալիս:
Դու, ուսնունդս
Հանցանքի հետ ես
Շփոթել կյանքում:
Եվ դու չես կարող
Հասկանալ թե ես
Ինչու եմ վայրի,
Եվ ինչու եմ ես
Լալիս այսպիսի
Խոշոր արցունքով,
Ինչու մեջքիս մեջ
Հաճույքն է ապրում,
Եվ օրենքն ապրում
Կողոսկրերիս
Անխախտ կարգի մեջ:
Իմ հոգին բոց է
Ու մերկ է որպես
Մերկության նկար:
Նա պարութրված է ամոթխածությամբ,
Եվ մերկ ոտքերին
Մեղքի թելեր են
Խճճվել ահա…
Եվ ես հարցում եմ
Անում Աստծուն՝
Ինչու՞ եմ տխուր,
Ինչու չեմ կարող
Վերքերս թողնել
Ձյուների վրա,
Արեվն ինչու՞ է
Թաքնվում այդպես
Խորքերում հեռու…
Ես ծիծաղների
Բիծ էի դեմքիդ
Եվ օդի կաթիլ,
Եվ պտուղ էի,
Եվ մեղու էի ես,
Հողի մեջ ուռչող
Սերմ էի բարի,
Հաբույր էի ես,
Որի սարսուռն է
Սահում մեջքն իվար,
Եվ բույս էի ես
Հավատքով մոլի:
Ու ես կուզեի
Կորցնել հիմա
Ամբողջ անցյալս
Ու իմ հովանին
Սիրուդ հետ փոխել,
Քո գիրքն սպիտակ
Ծայրեծայր պատել
Սիրո բառերորվ:
Ներիր ,քեզ միայն
Ցավ եմ պատճառել,
Եվ լավ է այնքան,
Որ դու չես լալիս:
Աչքերդ շրջիր
Դեպի քո ներսը,
Ետ տար քո ձեռքը,
Եվ մնաս բարով
Ասենք մեկմեկու…
***
Եթե ես հանկարծ խլեի ցավդ,
Կդատարկվեիր,
Ու ես ինքս ինձ տխուր կզգաի:
Թե չլիների դու հենց վիշտն ինքը,
Ես քո մեջ երբեք ինձ չեի տեսնի,
Ու մենք խոսքերի կարիք կզգաինք…
Այս լռությունը շատ է կարեվոր,
Քանզի լռությունն ավելի լավ է լսելի լինում:
Ու երբ մտքերս են ընդհատում մի պահ,
Անկումն եմ լսում քո արցունքների:
Եվ զգացմունքի ուղիղ կենտրոնում
Հանդիպում ենք մենք:
***
Վախենում եմ «սեր » բառը ասել,
Զի նախազգում եմ ,
Որ սիրուց անդին ամայությունն է…
Եվ վախենում եմ , որ սերը միայն բառ լինի ,
Ու ես ճաշակեմ բառն այդ ու քաղցած մնամ:
Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում պահպանեմ սերը,
Որ ամենքինն է ու իմն է միայն:
Եվ դա համարյա այն միակ բանն է,
Որ իմն է միայն :
Ես վախենում եմ դարձյալ ու դարձյալ,
Որ սերն աշխարհում ամեն ինչ լինի,
Որ սերն աշխարհում չլինի ոչինչ…
***
Երբ սիրում ենք ,
Նախերգանքն ենք այն արվեստի,
Որ Լռությունն է թարգմանում
Ու հաստատում
Ճշմարտությունը մեր հոգու:
Ճակատագիր ենք մենք եվ բախտ,
Տիեզերքի մասնիկն ենք մենք մրրկալի,
Էակներ ենք արժեքավոր:
Երբ սիրում ենք ,
Ուրեմն կանք:
***
Սերը գոյության հանճարն է միակ,
Սիրո հակառակը ամենեվին էլ չսիրելը չէ,
Մահն է պարզապես…
Սիրահարները
Անմահություն են վերանորոգում:
Ցավում եմ՝ ասաց Սիրտը,
Կմեռանաս՝ հանգստացրեց Ժամանկը,
Բայց ամեն անգամ ես կվերադառնամ,
Քմծիծաղ տվեց՝ Հիշողությունը։
Ալիսիա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի