«Երևան 2800». Կերպարվեստի ցուցահանդես՝ նվիրված Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին
Նմանատիպ
Երևան քաղաքի 2800- ամյակին ընդառաջ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան մտահղացել է «Երևան 2800» խորագրով միջոցառումների շարք, որի հիմնակետն է կերպարվեստի ցուցահանդեսը՝ նվիրված Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
«Այս ցուցահանդեսը հանդիսանում է գիրք-արվեստագետ հարաբերության մի յուրօրինակ պտուղ, որում արտացոլված են մի խումբ երիտասարդ ստեղծագործողների ընկալումները, մտորումները վեպի շուրջ: «Երևան» ցուցահանդեսը նաև հարթակ է՝ Մկրտիչ Արմենի վեպը նորովի գնահատելու, նրա ընթերցանությունը խթանելու, գրքում ներկայացված հիմնախնդիրները ժամանակակից իրավիճակի լույսի ներքո դիտարկելու համար: Այս նպատակով տեղի կունենան երկու կլոր սեղաններ՝ գրական քննարկում Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի շուրջ և ֆորում «Երևան – հին ու նոր հեռանկարներ» թեմայով: Բացի այդ, սիմպոզիումի շրջանակներում ակնկալվում են նաև զրույց ստեղծագործողների հետ, երաժշտական կատարումներ, ընթերցումներ, աուդիո-վիզուալ ինստալացիա և քննարկումներ»,- նշված է միջոցառման մասին տեղեկացնող ֆեյսբուքյան էջում:
«Երևան 2800» խորագրով միջոցառումների շարքn իրականացվում է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից: Հատուկ աջակիցներն են «Դալան» պատկերասրահը և Braind կազմակերպությունը: Միջոցառումները տեղի կունենան «Դալան» պատկերասրահում և ՀԲԸՄ Երևանի կենտրոնում:
Միջոցառումների մեկնարկը կտրվի օգոստոսի 25-ին, կշարունակի մինչև սեպտեմբերի 5-ը։