Առավոտ լուսո՜
Նմանատիպ
Առավոտ լուսո՜,
Առավոտ մի ջի՜նջ,
Ջի՜նջ, ինչպես… ոչի՛նչ,
Ջի՛նջ, սակայն դեռ պա՜ղ:
Ու ես անհապաղ
Անջատում եմ ինձ
Աշխարհից ծանոթ
Ու պարպում եմ ինձ,
Դարձնում մի անոթ,
Որ լոկ դատարկ չէ,
Այլ նաև անօդ:
Եվ… նո՜ր աշխարհ եմ ստեղծում հիմա՝
Առայժըմ եթե ոչ ձեզ բոլորիդ,
Ապա գոնե ի՛նձ, միայն ի՜նձ համար,
Որպեսզի նախ ե՛ս
Եվ հենց ի՛նձ վրա
Բժշկի նման փորձարկեմ կարգին,
Ու եթե լինի այս անգամ սարքին՝
Նո՛ր միայն վստահ հանձնեմ ձե՛զ նաև,
Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:
Ես՝ պատրանազերծ,
Բայց և հուսազեն,
Այս դեռ անվավեր ու նոր աշխարհում
Էլ չե՜մ զբաղվում ու չե՛մ զբաղվի
Չեղածի վրա եղածի թերին իզո՜ւր քննելով,
Երազի վրա երեխայաբար անո՛ւրջ դնելով,
Կեղծված դրամով կեղծ բան գնելով,
Ոչ էլ ճարահատ ու միտումնորեն
Մահանալու պես անվերջ քնելով:
Ես՝ զարթնած արդեն,
Բայց դեռ անլվա,
Հեղուկով մի կուց,
Որ պարգևում է ձնհալն անխուսափ,
Նախ զովացնում եմ դեմքն իմ՝ հիվանդի՛,
Իսկ հետո՝ ամե՜ն տեսակ հիվանդի`
Մա՞րդ լինի, երկի՞ր, թե՞ հավատ,- մե՜կ է:
Զովացնում նրանց ամենքի դեմքը՝
Իմ ամենաբուժ մատների հետքը
Անջինջ թողնելով սրա ու նրա
Դեռ գոց կոպերի,
Դեռ փակ շուրթերի,
Տակավին քնկոտ երեսի վրա:
Ու բոլորի՛դ մեջ,
Անխտիր բոլո՜ր-բոլո՜ր-բոլորի՜դ,
Ինչ-որ սիրելի մի բան եմ գտնում,
Սիրելու ինչ-որ արժանի մի բան,
Որ հավանաբար
Ա՛յն ժամանակ է ստեղծվել արդեն,
Երբ հին չորս ոտքից երկուսը
Անդարձ
Մենք կորցըրեցինք…
Եվ վեհ բարձունքից աններողության
Ես, քարի նման, վար եմ թավալվում՝
Հասնելով փափուկ ա՛յն ստորոտին,
Որից քիչ անդին
Ճահիճն է ապրում
Իր հավերժական ինքնածին կյանքով,
Եվ, քարի լեզվով, ասում եմ. «Այբ, Բեն»,
Այսինքն՝ «Արեգակ»,
Կամ՝ «Եղիցի լույս»…
16.III.1967թ. Արզնի
Պարույր ՍԵՎԱԿ