Իմ անելիքը

Իմ անելիքը

Ես նա եմ նաև,
Որ տարբերում է պաչը համբույրից,
Ինչպես սիրողին՝ սիրահարվածից,
Եվ մահացումը՝ մեռնելուց:
Իրոք.
Ի՞նչ է իմ գործը,
Եթե ոչ ջոկել
Ո՛չ թե կեղծիքը ճշմարտությունից,
Այլև տարբերել սուտը կեղծիքից,
Ճիշտը` ճշմարտից և ճշգրիտից,
Գութը` խղճալուց…
Իսկ երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Ես տարբերում եմ մուժը մշուշից.
Ու մառախուղից մեգն եմ տարբերում:
Տարբերում նաև
Բախտավորություն ու երջանկություն,
Ոճիր ու հանցանք։
Ու երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Զարմանալի բան –
Ես` Տարբերողս,
Բնա՜վ ամենքից ինձ չեմ տարբերում…

Ալիսիա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում